Որակավորումների ճանաչման գործիքաշարը բազմազան է և գործում է տարբեր մակարդակներում՝ հեշտացնելու ակադեմիական և մասնագիտական որակավորումների ըմբռնումն ու համեմատությունը ինչպես տարբեր երկրներում, այնպես էլ ազգային համակարգերում:
Ճանաչման գործիքաշար
Օտարերկրյա որակավորումների արդար, թափանցիկ և հետևողական ճանաչումն ապահովելու համար ԱՓՇԱՏԿ-ը օգտագործում է եվրոպական և միջազգային չափանիշներին համահունչ ճանաչման մի շարք գործիքներ, որոնցից մի քանիսը նկարագրված են ստորև.
- Տեղեկատվական կենտրոններ և ցանցեր
- ENIC-NARIC համացանցը Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպայի խորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համատեղ նախաձեռնությունն է: Այն ներառում է Տեղեկատվական կենտրոնների եվրոպական ցանցը (ENIC) և Եվրոպական միության Ակադեմիական ճանաչման ազգային տեղեկատվական կենտրոնները (NARIC): Ցանցը տրամադրում է տեղեկատվություն և խորհրդատվություն ակադեմիական և մասնագիտական նպատակներով օտարերկրյա որակավորումների ճանաչման վերաբերյալ: Յուրաքանչյուր անդամ երկիր ունի ազգային տեղեկատվական կենտրոն, որը տրամադրում է տեղեկատվություն ազգային կրթական համակարգի, որակավորումների և ճանաչման ընթացակարգերի վերաբերյալ: Ազգային տեղեկատվական կենտրոնների հիմնական շահառուներն են այլ երկրների գնահատման մասնագետները, բուհերը և գործատուները:
- Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների ազգային տեղեկատվական կենտրոնների ցանցը (APNNIC) տարածաշրջանային ցանց է, որը միավորում է Տոկիոյի կոնվենցիայի կողմ հանդիսացնող երկրների ազգային տեղեկատվական կենտրոնները։
- TAICEP-ը գնահատման մասնագետների գլոբալ ցանց է։
- Որակավորումների շրջանակներ
- Եվրոպական որակավորումների շրջանակը (EQF) 8 մակարդակից բաղկացած ուսումնառության վերջնարդյունքների վրա հիմնված շրջանակ է, որը հանդիսանում է համեմատության գործիք՝ ազգային և օտարերկրյա որակավորումներն հասկանալի դարձնելու համար: Որակավորումների ազգային շրջանակները (ՈԱՇ) EQF-ին հղում կատարելով՝ բարելավվում են որակավորումների թափանցիկությունը և տեղափոխելիությունը:
- Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի որակավորումների շրջանակը (QF-EHEA) համընդհանուր շրջանակ է, որն ընդունվել է Բոլոնիայի գործընթացի անդամ երկրների կողմից: Շրջանակը նույնպես հանդիսանում է համեմատության գործիք՝ նպաստելով ուսանողների և շրջանավարտների շարժունությանը և տարբեր կրթական համակարգերի միջև փոխադարձ վստահությանը։
- Որակավորումների ազգային շրջանակները (ՈԱՇ) մշակվել են՝ դասակարգելու որակավորումները տարբեր մակարդակներում՝ հիմնվելով ուսումնառության վերջնարդյունքների վրա: Այս շրջանակները օգնում են հասկանալ որակավորումների մակարդակն ու բնույթը ազգային մակարդակում և հեշտացնում են համեմատությունը այլ երկրների որակավորումների հետ, հատկապես, երբ դրանք կապված են EQF-ի կամ այլ տարածաշրջանային շրջանակների հետ:
- Հայկական որակավորումների ազգային շրջանակը (ՈԱՇ) ծառայում է որպես հղման համակարգ, որը դասակարգում է որակավորումները՝ հիմնվելով ուսումնառության վերջնարդյունքների, մակարդակների և կարողունակությունների վրա: ՈԱՇ-ը օգնում է համեմատել հայկական որակավորումները այլ երկրների որակավորումների հետ՝ հեշտացնելով ճանաչումն ու շարժունությունը և համահունչ է Եվրոպական որակավորումների շրջանակին (EQF) և ԵԲԿՏ-ի որակավորումների շրջանակին (QF-EHEA):
- Թափանցիկության գործիքներ և փաստաթղթեր
- Դիպլոմի հավելվածը տրվում է բարձրագույն կրթության դիպլոմի հետ միասին և ներառում է ստանդարտացված տեղեկատվություն շրջանավարտի, բուհի և նրա կարգավիճակի, կրթական ծրագրի բնույթի, մակարդակի, բովանդակության մասին: Այն ավելի թափանցիկ է դարձնում որակավորումները և նպաստում դրանց միջազգային ճանաչմանը:
- Կրեդիտների փոխանցման և կուտակման եվրոպական համակարգը (ECTS) ստանդարտացված համակարգ է, որն օգտագործվում է եվրոպական երկրներում ուսումնառության վերջնարդյունքների թափանցիկության ու համադրելիության նպատակով: Այն օգնում է ճանաչել ուսման ժամանակահատվածները, դասընթացները և որակավորումները՝ օգտագործելով կրեդիտները, որոնք արտացոլում են սովորողի ակադեմիական ծանրաբեռնվածությունը: ECTS-ը նպաստում է կրեդիտների փոխանցմանը կարճատև ուսուցման դեպքում:
- Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում որակի ապահովման չափանիշներն ու ուղեցույցները (ESG) բարձրագույն կրթության որակի ապահովման ընդհանուր շրջանակ է ԵԲԿՏ-ում և օգնում է ապահովելու, որ հաստատությունները և ծրագրերը համապատասխանեն որակի և հաշվետվողականության համաձայնեցված չափանիշներին: ESG-ն հեշտացնում է տարբեր երկրներում ձեռք բերված որակավորումների գնահատումն ու ճանաչումը:
- Բուհերի համար Եվրոպական ճանաչման ձեռնարկը (EAR) գործնական ուղեցույց է, որի նապատկն է օգնել բուհերին կիրառելու ճանաչման ինստիտուցիոնալ արդար և հետևողական ընթացակարգեր: Ձեռնարկը պարունակում է հստակ առաջարկություններ և օրինակներ՝ հիմնված միջազգային չափանիշների վրա, ներառյալ Լիսաբոնի ճանաչման կոնվենցիան:
- Վկայականի հավելվածը ինչպես և դիպլոմի հավելվածը տրվում է վկայականի հետ միասին և նկարագրում է մասնագիտական կրթության և վերապատրաստման որակավորումները՝ դարձնելով դրանք ըմբռնելի տարբեր երկրներում:
- Europass-ը առցանց գործիքների և փաստաթղթերի հավաքածու է, որը նախատեսված է անհատի հմտությունները, կրթական և մասնագիտական փորձն ամբողջ Եվրոպայում ստանդարտացված ձևով ներկայացնելու համար։ Այն ներառում է Europass ինքնակենսագրականը (CV), լեզվի անձնագիրը, վկայականի հավելվածը և դիպլոմի հավելվածը:
- Տվյալների բազաներ և առցանց ռեսուրսներ
Տրամադրում են հավաստի տեղեկատվություն ազգային կրթական համակարգերի, հաստատությունների, ծրագրերի և որակավորումների վերաբերյալ։ Վստահելի ռեսուրսների միջոցով հնարավոր է ստուգել որակավորումների իսկությունը։





Recent Comments