2020թ. մարտի 10-ին Էրազմուս+ ԲՈՒՍԹ ծրագրի Շվեդիա կատարած ուսումնական այցի շրջանակներում Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնը (ԱՓՇԱՏԿ) հայկական պատվիրակության հետ միասին այցելեց շվեդական ԷՆԻԿ-ՆԱՐԻԿ կենտրոն: Մեկօրյա հանդիպման ընթացքում ԱՓՇԱՏԿ-ի տնօրեն Գայանե Հարությունյանը ներկայացրեց հայկական կրթական համակարգը, և մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկել հայկական որակավորումների որոշ առանձնահատկություններ: Այնուհետև, շվեդական ԷՆԻԿ-ՆԱՐԻԿ կենտրոնի գնահատման մասնագետ Էրիկ Յոհանսսոնը ներկայացրեկ շվեդական բարձրագույն կրթական համակարգը` մատնանշելով ներկայումս առկա մի շարք մարտահրավերներ: Հանդիպումը շատ արդյունավետ էր, քանի որ այն հնարավորություն տվեց և՛ հայկական, և՛ շվեդական կենտրոններին ևս մեկ անգամ քննարկել ճանաչման գործընթացում հանդիպող խնդիրները և ազգային որակավորումների առանձնահատկությունները:
Ուսումնական այց Շվեդիայի Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտ
2020թ. մարտի 9-13-ին ԲՈՒՍԹ ծրագրի հայաստանյան գործընկերները ուսումնական այցով հյուրընկալվեցին Շվեդիայի Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտ: Այցի նպատակը բարձրագույն կրթության ոլորտում հետազոտության և նորարարության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն էր:
Ուսումնական այցի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու Շվեդիայում հետազոտության իրականացմանը, դրա ֆինանսավորմանը, դոկտորական կրթությանը Շվեդիայում և Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտում: Հանդիպումներից մեկի ընթացքում հայաստանյան գործընկերները ներկայացրեցին իրենց բուհերում աշխատակիցների և ուսանողների շարժունության ընթացակարգերը:
Մարտի 10-ին մասնակիցները այցելեցին շվեդական ԷՆԻԿ-ՆԱՐԻԿ, որտեղ Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի տնօրենը ներկայացրեց հայաստանյան կրթական համակարգը, իսկ շվեդական ԷՆԻԿ-ՆԱՐԻԿ-ի գնահատման մասնագետ Էրիկ Յոհանսսոնը ներկայացրեց բարձրագույն կրթությունը Շվեդիայում:
Ուսումնական այցը եզրափակվեց ԲՈՒՍԹ կոնսորցումի ղեկավար խմբի հանդիպմամբ, որի ընթացքում որոշվեցին ծրագրի հետագա ամիսների աշխատանքները:
ԲՈՒՍԹ ծրագրի շրջանակում կազմակերպված համաժողով Երևանում
2020թ. հունվարի 21-ին Էրազմուս+ ԲՈՒՍԹ – «Հայկական համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ բարձրագույն կրթության միջազգայնացման վերաբերյալ համաժողով:
Համաժողովի ընթացքում ծրագրի համակարգող Մարիաննա Հարությունյանը ներկայացրեց ծրագրի ձեքբերումները և հետագա գործողությունները: Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի տնօրեն Գայանե Հարությունյանը ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի հետ միասին ներկայացրեցին հայաստանյան բուհերի միջազգայնացման ռազմավարությունը: Համաժողովի մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկելու ներկայացված ռազմավարության կարևորությունը և ներկայացնել իրենց առաջարկները: Ինչպես նաև եվրոպական գործընկերները ներկայացրեցին իրենց ուսումնական հաստատություններում միջազգայնացման փորձը, գործընթացի զարգացումները, մարտահրավերները և ձեռքբերումները:
Համաժողովի հաջորդ օրը տեղի ունեցավ ծրագրի ղեկավար խմբի հանդիպումը, որոշվեց ԲՈՒՍԹ-ի եզրափակիչ համաժողովը իրականացնել 2020թ. հուլիսի 1-ին:
Աշխատանքային հանդիպումներ «Բուհ ընդունելության և որակավորումների ճանաչման հարցերով հայ-նորվեգական համագործակցություն» ծրագրի շրջանակում
2019թ. դեկտեմբերի 4-6-ը «Բուհ ընդունելության և որակավորումների ճանաչման հարցերով հայ-նորվեգական համագործակցություն» ծրագրի շրջանակում աշխատանքային հանդիպումներ են տեղի ունեցել Հարավարևելյան Նորվեգիայի համալսարանի ներկայացուցիչների, ծրագրի գործընկեր հայաստանյան երկու համալսարանների (Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարան) և Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի (ԱՓՇԱՏԿ) ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնց ընթացքում քննարկվել են Հայաստանում և Նորվեգիայում միջազգային ուսանողների ընդունելության ընթացակարգերը, ինչպես նաև դրա հետ կապված ճանաչման մարտահրավերները:
Հանդիպումների ընթացքում ԱՓՇԱՏԿ-ի ներկայացուցիչները ներկայացրել են Հայաստանում ճանաչման գործընթացը, առկա խնդիրներն ու առանձնահատկությունները: Ներկայացվել է նաև բուհերում օտարերկրյա որակավորումների ճանաչման ներքին ընթացակարգերի վերաբերյալ ԱՓՇԱՏԿ-ի կողմից իրականացված հետազոտության նախնական տարբերակը: Աշխատանքային այցի ընթացքում գործընկերները քննարկել են նաև հայաստանյան բուհերի համար ընդունելության ձեռնարկի մշակման կարևորությունը: Կազմվել է ձեռնարկի պլանը և որոշվել է ներկայացնել ձեռնարկի նախնական տարբերակը 2020թ. գարնան հանդիպման ժամանակ:
Փախստականների որակավորման եվրոպական անձնագիր. գնահատման սեսիա Բարիում
2019թ. նոյեմբերի 18-22-ը Բարիում կազմակերպված գնահատման սեսիայի արդյունքում գնահատվել են 49 փախստականների որակավորումներ, և 42-ին շնորհվել են Փախստականների որակավորման եվրոպական անձնագրեր (ՓՈԵԱ): Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի գնահատման մասնագետներից մեկը Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի և Իտալիայի Եվրոպական ազգային տեղեկատվական կենտրոնների գնահատման մասնագետների հետ միասին անցկացրել է առցանց և առերես հարցազրույցներ:
ՓՈԵԱ-ը օգնում է փախստականներին հյուրընկալող երկրներում վերականգնել իրենց կենսակերպը` հնարավորություն տալով նրանց գնահատման ներկայացնել իրենց որակավորումները, նույնիսկ այն դեպքում, երբ բացակայում են որակավորում ունենալը հաստատող ամբողջական փաստաթղթերը: Այս միջոցով ՓՈԵԱ-ը օժանդակում է Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայի 7-րդ հոդվածի կիրարկմանը` խթանելով փախստականների որակավորումների ճանաչման գործընթացը նույնիսկ փաստաթղթերի բացակայության դեպքում: