2019թ. դեկտեմբերի 4-6-ը «Բուհ ընդունելության և որակավորումների ճանաչման հարցերով հայ-նորվեգական համագործակցություն» ծրագրի շրջանակում աշխատանքային հանդիպումներ են տեղի ունեցել Հարավարևելյան Նորվեգիայի համալսարանի ներկայացուցիչների, ծրագրի գործընկեր հայաստանյան երկու համալսարանների (Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարան) և Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի (ԱՓՇԱՏԿ) ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնց ընթացքում քննարկվել են Հայաստանում և Նորվեգիայում միջազգային ուսանողների ընդունելության ընթացակարգերը, ինչպես նաև դրա հետ կապված ճանաչման մարտահրավերները:
Հանդիպումների ընթացքում ԱՓՇԱՏԿ-ի ներկայացուցիչները ներկայացրել են Հայաստանում ճանաչման գործընթացը, առկա խնդիրներն ու առանձնահատկությունները: Ներկայացվել է նաև բուհերում օտարերկրյա որակավորումների ճանաչման ներքին ընթացակարգերի վերաբերյալ ԱՓՇԱՏԿ-ի կողմից իրականացված հետազոտության նախնական տարբերակը: Աշխատանքային այցի ընթացքում գործընկերները քննարկել են նաև հայաստանյան բուհերի համար ընդունելության ձեռնարկի մշակման կարևորությունը: Կազմվել է ձեռնարկի պլանը և որոշվել է ներկայացնել ձեռնարկի նախնական տարբերակը 2020թ. գարնան հանդիպման ժամանակ: