2017թ․-ի նոյեմբերի 2-3 ԱՓՇԱՏԿ աշխատակիցները մասնակցեցին Փարիզի Սևր քաղաքում տեղի ունեցած «Գործիքակազմ փախստականների և տեղահանված անձանց բարձրագույն կրթության ճանաչման համար» ծրագրի եզրափակիչ հանդիպմանը: Հանդիպման նպատակն էր ներկայացնել ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները և ամփոփել հետագա անելիքները մինչև ծրագրի ֆորմալ ավարտը` 2018թ-ի մարտի 31-ը:
Հանդիպման ընթացքում իտալական, գերմանական և հայկական կենտրոնները ներկայացրեցին վերջին ամիսներին իրենց կենտրոնների կողմից իրականացված Փախստականների որակավորումների անձնագրերի մեթոդաբանության փորձարկումը: ԱՓՇԱՏԿ-ը հանգամանորեն ներկայացրեց Երևանում ս.թ. նոյեմբերի 2-ին տեղի ունեցած փորձարկման արդյունքները, ինչպես նաև ԱՓՇԱՏԿ-ի կողմից մշակված հայկական ձեռնարկը` փախստականների որակավորումների անձնագրերի համար նախատեսված փաստաթղթերի թարգմանված և մշակված նմուշներով:
Ամփոփելով ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքերը` մասնակիցները եկան համաձայնության ծրագրով նախատեսված վերջին քայլերի շուրջ: Այն է` փախստականների կրթական փաստաթղթերի ճանաչման վերաբերյալ առցանց դասընթացների (վեբինարների) անցկացման աշխատանքները: Վեբինարները նախատեսվում է իրականացնել 2018 հունվար- փետրվար ամիսների ընթացքում, որի ընթացքում, ի թիվս այլ թեմաների, կներկայացվի նաև ԱՓՇԱՏԿ-ի` Փախստականների որակավորումների անձնագրերի փորձը: