Որակավորումների ճանաչման կոնվենցիաներ

Հայաստանն հաստատել է իր հանձնառությունը՝ ապահովելու որակավորումների արդար և թափանցիկ ճանաչումն ու միջազգային ակադեմիական շարժունությունը՝ վավերացնելով երեք առանցքային կոնվենցիաներ՝ Լիսաբոնի ճանաչման կոնվենցիան (Կոնվենցիա Եվրոպական տարածաշրջանում բարձրագույն կրթությանը վերաբերող որակավորումների ճանաչման մասին, 1997 թ.), Տոկիոյի կոնվենցիան (Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման տարածաշրջանային կոնվենցիա, 2011 թ.) և Գլոբալ կոնվենցիան (Գլոբալ կոնվենցիա բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման մասին, 2019 թ.)։

Հայաստանը 2005 թվականին վավերացրել է Լիսաբոնի ճանաչման կոնվենցիան, որը նպաստում է որակավորումների ճանաչմանը`  խթանելով ընթացակարգերի կիրառումն ու թափանցիկությունը կոնվենցիայի կողմ հանդիսացող երկրների միջև։ 2011 թվականին Հայաստանը ստորագրել է Տոկիոյի կոնվենցիան՝ ընդլայնելով իր ճանաչման հանձնառությունները Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներում և խթանելով ակադեմիական համագործակցությունը։ Տոկիոյի կոնվենցիան վավերացվել է 2021 թվականի մայիսի 1-ին։

Հայաստանը  Գլոբալ կոնվենցիան վավերացրել է 2022 թվականի դեկտեմբերի 5-ին և այն ուժի մեջ է մտել 2023 թվականի մարտի 5-ին։

Այս կոնվենցիան ՄԱԿ-ի առաջին համաշխարհային պայմանագիրն է բարձրագույն կրթության ոլորտում։ Այն սահմանում է բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման համընդհանուր սկզբունքներ՝ նպատակ ունենալով խթանել ակադեմիական շարժունությունն ու միջազգային համագործակցությունն ողջ աշխարհում։

Թեև բոլոր երեք կոնվենցիաներն ուղղված են որակավորումների ճանաչման թափանցիկությանն ու արդարության բարելավմանը, դրանք տարբերվում են աշխարհագրական ընդգրկմամբ. Լիսաբոնի և Տոկիոյի կոնվենցիաները տարածաշրջանային են, մինչդեռ Գլոբալ կոնվենցիան վերաբերվում է աշխարհի բոլոր երկրներին ևունի ավելի համընդհանուր բնույթ:

Բոլոր երեք կոնվենցիաները միասին ստեղծում են ամուր իրավական և էթիկական հիմք ճանաչման պրակտիկայի համար և ունեն միանման  սկզբունքներ` անհատի որակավորումների արդարացի ճանաչման իրավունքը, ճանաչման կարևորությունն ակադեմիական և մասնագիտական շարժունությունը խթանելու համար և երկրների միջև համագործակցության անհրաժեշտությունը՝ ճանաչման խոչընդոտները հաղթահարելու համար: Կոնվենցիաների վավերացումը մեծ կարևորություն ունի Հայաստանի համար, քանի որ դրանք աջակցում են ազգային ճանաչման քաղաքականության արդիականացմանը, ամրապնդում են ինստիտուցիոնալ փոխվստահությունը` ազգային ճանաչման ընթացակարգերը համապատասխանեցնելով միջազգային լավագույն փորձառությանը:  Կոնվենցիաների վավերացումը նաև նպաստում է ազգային որակավորումներ ճանաչմանը այլ երկներում, հեշտացնում է ուսանողների և բուհերի ակադեմիական և վարչական աշխատակազմի շարժունությունը` երաշխավորելով օտարերկրյա որակավորումների  հետևողական և ամբողջական գնահատումը ազգային  կրթական համակարգի նկատմամբ: