Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնը (ԱՓՇԱՏԿ) 2026 թվականի ապրիլի 28-ին մասնակցեց Քիշնևում կայացած «Աջակցելով փախստականների մասնակցությանը բարձրագույն կրթությանը և աշխատաշուկայում. Փախստականների որակավորումների եվրոպական անձնագիրը (EQPR) որպես ազգային մարտահրավերներին արձագանքելու միջազգային գործիք» թեմայով բարձր մակարդակի միջազգային միջոցառմանը։
Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի կողմից՝ Մոլդովայի Հանրապետության կրթության և հետազոտությունների նախարարության հետ համատեղ՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի Մոլդովայի նախագահության շրջանակում:
Միջոցառումը համախմբել էր ավելի քան 100 մասնակիցների՝ պետական կառույցներից, բարձրագույն ուսումնական հաստատություններից, ENIC-NARIC կենտրոններից և միջազգային կազմակերպություններից՝ քննարկելու փախստականների որակավորումների արդար ճանաչման հետ կապված խնդիրները, հատկապես այն դեպքերում, երբ փաստաթղթերը թերի են կամ բացակայում են։
Միջոցառման ընթացքում կլոր սեղանի քննարկումը կենտրոնացած էր արդար ճանաչման գործելակերպերի ազդեցության վրա։ Մասնակիցները նաև մասնակցեցին EQPR մեթոդաբանության վերաբերյալ վերապատրաստման դասընթացին, որը տրամադրում է գործնական ուղեցույցներ սահմանափակ կամ թերի փաստաթղթերի պայմաններում որակավորումների գնահատման համար։
Միջոցառմանը հաջորդած գործնական փուլում՝ ապրիլի 29–30-ին, ԱՓՇԱՏԿ-ի երկու գնահատման մասնագետներ, Վրաստանից, Իտալիայից, Լատվիայից և Լեհաստանից ժամանած փորձագետների հետ միասին, մասնակցեցին փախստականների որակավորումների գնահատման գործընթացին։ Ընդհանուր առմամբ գնահատվել է 29 թեկնածուի որակավորում` նպաստելով փախստականների հետագա կրթության և աշխատանքի հնարավորությունների ընդլայնմանը։
ԱՓՇԱՏԿ-ի մասնակցությունը ընդգծում է կենտրոնի ակտիվ դերակատարությունը ENIC-NARIC ցանցում և նրա շարունակական հանձնառությունը՝ Եվրոպայում փախստականների համար թափանցիկ և արդար ճանաչման գործընթացների խթանման գործում։




