Կրթություն

Կրթություն

Դարեր ի վեր կրթությունը Հայաստանում եղել է ազգի ինքնության և ժառանգության կարևոր մաս: Անցած երեք տասնամյակների ընթացքում կրթության ոլորտը գտնվում է բարեփոխումների գործընթացում, որը ներառում է նաև բարձրագույն կրթությունը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, բարձրագույն ուսումնական հաստատությունները, գիտահետազոտական ​​ինստիտուտները, քաղաքացիական հասարակությունը և այլ շահագրգիռ կողմեր ​​ակտիվորեն խթանում են կրթության զարգացման կայուն մոտեցումները` ուղղված մատչելիության, որակի և հավասարության բարելավմանը:  

Հայաստանի կրթության համակարգը բաղկացած է 12-ամյա ընդհանուր միջնակարգ կրթությունից (տարրական, հիմնական և ավագ դպրոց), նախնական և միջին մասնագիտական կրթությունից,  բարձրագույն և հետբուհական կրթությունից:

Բարձրագույն կրթության համակարգը ներառում է 22 պետական և 31 ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ, 7 արտասահմանյան բուհերի մասնաճյուղեր,  ինչպես նաև 5 բարձրագույն ուսումնական հաստատություններ պետական մասնակցությամբ:

Բարձրագուն կրթությունը իրականացվում է երեք աստիճաններով: Առաջին աստիճանում իրականցավում են բակալավրի կրթական ծրագրեր, որոնց ավարտին ուսանողները ձեռք են բերում տվյալ ոլորտի հիմնարար գիտելիքներ, հմտություններ և կարողություն` ուսումը շարունակելու և աշխատելու նպատակով: Բակալավրի որակավորման համար  (ՀՀ ՈԱՇ-ի և Եվրոպական որակավորումների  շրջանակի(ԵՈՇ) 6-րդ մակարդակի համապատասխան որակավորում) սահմանված է 180-240 կրեդիտ (առկա ուսուցմամբ երեք կամ չորս տարի տևողությամբ): Բակալավրի ծրագրում ընդունելության անհրաժեշտ պայման է միջնակարգ  կրթության (լրիվ) վկայականի կամ միջին մասնագիտական կրթության դիպլոմի առկայությունը:

Բարձրագույն կրթության երկրորդ աստիճանում իրականցվում են մագիստրոսի, ինտեգրված կրթական և կլինիկական ռեզիդենտուրայի կրթական ծրագրեր որոնք ուղղված են ուսանողներին տալու տվյալ ոլորտի խորացված գիտելիքներ, հմտություններ և կարողություն հետագա ինքնուրույն աշխատանքի և դոկտորանտուրայում ուսումը շարունակելու համար: Կրթական ծրագրերի ավարտին շնորհվող որակավորումները համապատասխանում են ՀՀ ՈԱՇ-ի 7-րդ մակարդակին  և համադրելի են ԵՈՇ-ի 7-րդ մակարդակին:

Մագիստրոսի որակավորման համար սահմանված է  առկա ուսուցմամբ 60-120 կրեդիտ (մեկ  կամ երկու տարի տևողությամբ):  Մագիստրոսի կրթական ծրագրում ընդունելության անհրաժեշտ պայման է բակալավրի որակավորումը:

Ինտեգրված (բակալավրի և մագիստրոսի) ծրագրերը իրականացվում են բժշկական մասնագիտությունների համար և սահմանված է 300 կրեդիտ (5 տարի) բժիշկ-ստամոտոլոգի  և 360 կրեդիտ  (6 տարի) բժշկի որակավորումների համար: Ինտեգրված ծրագրում ընդունելության անհրաժեշտ պայման է միջնակարգ կրթության (լրիվ) վկայականի կամ միջին մասնագիտական կրթության դիպլոմի առկայությունը:

Հետագա  բժշկական մասնագիտացում ստանալու համար ուսանողները  կարող են շարունակել կրթությունը կլինիկական ռեզիդենտուրայում, որի տևողությունը սահմանված է 1-4 տարի կախված մասնագիտությունից:

Բարձրագույն կրթության ամենաբարձր մակարդակը դա երրորդ աստիճանն է` դոկտորանտուրան (ասպիրանտուրա), որի նպատակն է ուսանողներին տալ ժամանակակից տեսական ու գործնական գիտելիքներ, հետագա ինքնուրույն հետազոտական և մասնագիտական ստեղծագործական աշխատանքի համար: Ընդունելության անհրաժեշտ պայման է մագիստրոսի կամ դրան համաժեք այլ որակավորում:

Դոկտորանտուրայի(ասպիրանտուրա) համար սահմանված 180կրեդիտ` 3 տարի առկա ուսուցմամբ: Ատենախոսության բարեհաջող պաշտպանությանից հետո շնորհվում է գիտությունների թեկնածուի որակավորում:

Գիտությունների դոկտորի աստիճանը գիտական աստիճան է, որը շնորհվում է գիտությունների թեկնածուի որակավորում ունեցող անձին՝ որպես նրա գիտական նվաճումների ճանաչում և դոկտորական ատենախոսության բարեհաջող պաշտպանությունից հետո:

 

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *