2005թ.-ի մայիսի 19-ին ՀՀ կրթության և գիտության նախարարը ստորագրեց Բերգենի կոմյունիկեն, և այսպիսով Հայաստանը պաշտոնապես միացավ Բոլոնիայի գործընթացին:
Բոլոնիայի գործընթաց

Հայաստանը միացել է Բոլոնիայի գործընթացին 2005 թվականին`նշանավորելով կարևոր փուլ երկրի բարձրագույն կրթության համակարգի արդիականացման և Եվրոպական բարձրագույն կրթության տարածքին (ԵԲԿՏ) ինտեգրվելու համար։ Բոլոնիայի գործընթացը 49 երկրների և Եվրոպական հանձնաժողովի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է ներդաշնակեցնել բարձրագույն կրթության համակարգերն ամբողջ Եվրոպայում՝ նպաստելով թափանցիկությանը, համադրելիությանը, որակավորումների ճանաչմանը, միաժամանակ խթանելով շրջանավարտների շարժունությունն ու աշխատաշուկայում մրցունակությունը։
2012-2015 թվականներին Հայաստանը բացառիկ հնարավորություն է ունեցել հյուրընկալելու Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը և 2015 թվականի մայիսին կազմակերպելու նախարարական գագաթնաժողովը` 4-րդ Քաղաքականության ֆորումի հետ համատեղ: Այս միջոցառումները համախմբել են անդամ երկրների բարձրագույն կրթության համար պատասխանատու նախարարներին՝ քննարկելու և ձևավորելու բարձրագույն կրթության ապագան:
Հայաստանի համար սա կարևոր քայլ էր, որը վկայում էր երկրի ակտիվ ներգրավվածության ու առաջնորդության վերաբերյալ ԵԲԿՏ-ում և նպաստել է հայկական բուհերի ավելի սերտ համագործակցությունն եվրոպական գործընկերների հետ, ինչպես նաև ազգային կրթական համակարգի տեսանելիության բարձրացմանը, տեխնիկական փորձի և քաղաքական երկխոսության հնարավորությանը անմիջապես Հայաստանում: Կրթության և գիտության նախարարությունը Բոլոնիայի քարտուղարության պատասխանատվությունը վերապահել էր ԱՓՇԱՏԿ-ին, և քարտուղարության ղեկավար նշանակվել էր ԱՓՇԱՏԿ-ի տնօրեն Գայանե Հարությունյանը։
Բոլոնիայի գործընթացի և ԵԲԿՏ-ի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունն հասանելի է ԵԲԿՏ-ի պաշտոնական կայքում։




