2026 թվականի հոկտեմբերի 23-ին ԱՓՇԱՏԿ-ում տեղի է ունեցել միջազգային փորձագիտական գնահատման այց՝ «TST3.0 – Աջակցություն ԷՆԻԿ-ՆԱՐԻԿ ցանցերին» ծրագրի շրջանակում:
TST3 ծրագիրը, որն իրականացվում է Իտալիայի ԷՆԻԿ-ՆԱՐԻԿ կենտրոնի (CIMEA) համակարգմամբ՝ Նիդեռլանդների ԷՆԻԿ-ՆԱՐԻԿ կենտրոնի (Nuffic) հետ համագործակցությամբ, նպատակ ունի աջակցելու ԷՆԻԿ-ՆԱՐԻԿ ցանցերի զարգացմանն ու ամրապնդմանը։ Ծրագրի հիմնական գործողություններից է մասնակից ճանաչման կենտրոնների ինքնագնահատման և միջազգային փորձագիտական գնահատման իրականացումը՝ նպաստելով գործունեության որակի և թափանցիկության բարձրացմանը, ինչպես նաև լավագույն փորձի փոխանակմանը։
Որպես 2026 թվականի փորձագիտական գնահատման գործընթացի մասնակից կենտրոններից մեկը՝ ԱՓՇԱՏԿ-ն իրականացրել է իր ճանաչման ընթացակարգերի և ինստիտուցիոնալ գործունեության համապարփակ ինքնագնահատում՝ ուսումնասիրելով դրանց համապատասխանությունը Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայի սկզբունքներին և ԷՆԻԿ-ՆԱՐԻԿ ցանցերի համար մշակված վեց չափորոշիչներին ու ուղեցույցներին։
Միջազգային փորձագիտական գնահատումն իրականացրել է հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված էին Լատվիայի Ակադեմիական տեղեկատվական կենտրոնի նախագահ Բայբա Ռամինան, Հունաստանի D.O.A.T.A.P. ճանաչման կենտրոնի Տեղեկատվության տնօրինության ղեկավար Արգիրո-Էիրինի Էֆթիմիադուն և Երևանի պետական համալսարանի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Գրիշա Գասպարյանը։
Այցի ընթացքում փորձագիտական հանձնաժողովը հանդիպումներ է ունեցել ԱՓՇԱՏԿ-ի տնօրեն Գայանե Հարությունյանի և աշխատակիցների հետ՝ քննարկելու ինքնագնահատման արդյունքները, ուսումնասիրելու որակավորումների ճանաչման գործող ընթացակարգերն ու գործելակերպերը, ինչպես նաև բացահայտելու կենտրոնի ինստիտուցիոնալ զարգացման հետագա հնարավորությունները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել որակի ներքին ապահովման համակարգին, գործունեության թափանցիկությանը, դիմորդակենտրոն ծառայությունների մատուցմանը և ճանաչման ընթացակարգերի թվայնացմանը։
Ինքնագնահատման և միջազգային փորձագիտական գնահատման գործընթացը ԱՓՇԱՏԿ-ի համար կարևոր հնարավորություն է՝ գնահատելու իր ձեռքբերումները, բացահայտելու բարելավման ենթակա ուղղությունները և ամրապնդելու ինստիտուցիոնալ կարողությունները՝ եվրոպական և միջազգային լավագույն փորձին համապատասխան։ Գործընթացը հատկապես կարևոր է Հայաստանում բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում։
TST3 ծրագրին մասնակցությամբ ԱՓՇԱՏԿ-ն վերահաստատում է իր հանձնառությունը՝ ապահովելու կրթական որակավորումների արդար, թափանցիկ, հետևողական և վստահելի ճանաչումը՝ միաժամանակ նպաստելով ԷՆԻԿ-ՆԱՐԻԿ ցանցերում գործունեության որակի շարունակական բարելավմանը և փոխադարձ վստահության ամրապնդմանը։




