2026 թվականի նոյեմբերի 5-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում՝ Վրաստանի տեխնիկական համալսարանում, տեղի է ունեցել Էրազմուս+ ծրագրի շրջանակներում իրականացվող Micro-GEAR («Միկրոորակավորումները Հայաստանի և Վրաստանի բարձրագույն կրթության համակարգերում») ծրագրի ամփոփիչ համաժողովը։ Միջոցառումը համախմբել է ծրագրի գործընկերներին և բարձրագույն կրթության ոլորտի ներկայացուցիչներին՝ ամփոփելու ծրագրի արդյունքները և քննարկելու բարձրագույն կրթության համակարգում միկրոորակավորումների զարգացման հեռանկարները։
ԱՓՇԱՏԿ_ի տնօրեն Գայանե Հարությունյանը համաժողովին մասնակցել է առցանց ձևաչափով՝ հանդես գալով «Միկրոորակավորումներ. հեղափոխությո՞ւն, էվոլյուցիա՞, թե՞ մասնատում» խորագրով զեկույցով։
Զեկույցում անդրադարձ է կատարվել բարձրագույն կրթության համակարգում միկրոորակավորումների դերի զարգացմանը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանի փորձին և հավաստագրերի տրամադրումից դեպի ուսումնառության արդյունքների արդյունավետ ճանաչում անցնելու կարևորությանը։
«Արդյո՞ք մենք վերափոխում ենք ուսումնառության ճանաչման գործընթացը, թե՞ պարզապես ավելացնում տրամադրվող հավաստագրերի թիվը» հարցադրման շրջանակում ընդգծվել է, որ միկրոորակավորումները պետք է դիտարկել ոչ միայն որպես հավաստագրման լրացուցիչ ձև, այլև որպես ուսումնառության արդյունքների տեսանելիությունը, թափանցիկությունն ու ճանաչելիությունն ապահովող գործիք։
Քննարկման ընթացքում կարևորվել են ճանաչման հուսալի մոտեցումների կիրառումը, թափանցիկության և վստահության ամրապնդումը՝ ապահովելու համար միկրոորակավորումների իրական արժեքը սովորողների, բարձրագույն ուսումնական հաստատությունների և աշխատաշուկայի համար։
Micro-GEAR ծրագրի նպատակ էր աջակցել Հայաստանի և Վրաստանի բարձրագույն կրթության համակարգերում միկրոորակավորումների ներդրմանն ու զարգացմանը՝ նպաստելով ուսումնառության առավել ճկուն հնարավորությունների ստեղծմանը և կրթական ու մասնագիտական փոփոխվող պահանջներին համապատասխանեցմանը։
ԱՓՇԱՏԿ-ի մասնակցությունը համաժողովին վերահաստատում է կենտրոնի հանձնառությունը՝ խթանելու որակավորումների արդար և թափանցիկ ճանաչման գործընթացները, աջակցելու բարձրագույն կրթության ոլորտի զարգացումներին և նպաստելու ուսումնառության արդյունքների ճանաչման նոր մոտեցումների շուրջ միջազգային մասնագիտական երկխոսությանը։
Առավել մանրամասն՝ Micro-GEAR ծրագրի ամփոփիչ համաժողովի պաշտոնական հաղորդագրություն




