2024թ. փետրվարի 20-22-ը ԱՓՇԱՏԿ-ի երկու աշխատակիցները մասնակցեցին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի կողմից արդեն երկրորդ տարին նոր ձևաչափով անցկացվող «Փախստականների որակավորումների եվրոպական անձնագիր/EQPR» ծրագրի մեթոդաբանության վերապատրաստման դասընթացին:
Եվրոպայի խորհրդի կողմից 2017թ. -ից իրականացվող Փախստականների որակավորումների եվրոպական անձնագիրը (EQPR) օգնում է փախստականներին վերականգնել իրենց կյանքը իրենց ընդունող երկրներում՝ հնարավորություն տալով նրանց գնահատել իրենց որակավորումը նույնիսկ ամբողջական փաստաթղթերի բացակայության դեպքում: (https://www.coe.int/en/web/education/recognition-of-refugees-qualifications): EQPR մեթոդաբանության հիմքում փախստականի կողմից լրացված հարցաշարն է և նրա հետ հարցազրույցը : Հարցազրույցն անցկացվում է տարբեր ճանաչման ազգային տեղեկատվական կենտրոնների երկու գնահատման մասնագետների կողմից:
EQPR մեթոդաբանության վերապատրաստման դասընթացը բաղկացած է 5 մոդուլներից: Ըստ նոր ձևաչափի` առաջին երեք մոդուլները անցկացվում են առցանց, իսկ 4-րդ և 5-րդ մոդուլները` առերես Ստրասբուրգում:
Այսպիսով, փետրվարի 20-22-ին «Փախստականների որակավորումների եվրոպական անձնագիր/EQPR» ծրագրի գործընկեր 10 երկրների ճանաչման ազգային տեղեկատվական կենտրոններից 36 գնահատման մասնագետներ, ավարտելով վերապատրաստման դասընթացը, հնարավորություն ունեցան նաև կիրառել իրենց գիտելիքները` անցկացնելով փախստականների որակավորումների առցանց գնահատումներ: Արդյունքում գնահատվեցին 18 փախստականների որակավորումներ Ուկրաինայից, Նիգերիայից, Լիբանանից, Աֆղանստանից, Սիրիայից, Կոնգոյից և Գվինեայից: