2023թ. Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) առաջին անգամ հանդես եկավ դրամաշնորհային ծրագրով` նախատեսված ԵՄ անդամ չհանդիսացող երկրների ազգային տեղեկատվական կենտրոնների համար: Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնը մրցույթին ներկայացրեց «Կրթության շահագրգիռ կողմերին զինել կոմպետենցիաներով կեղծարարությունների բացահայտման և դրանց դեմ պայքարելու համար/DETECT» ծրագիրը, որն ընտրվեց ֆինանսավորման համար:
Ծրագրի մեկնարկը տրվեց 2023թ. մարտին և այն կավարտվի 2023թ. դեկտեմբերին: Ծրագրի շրջանակներում հարցում կատարվեց ՀՀ 28 ճանաչված բուհերի` գնահատելու համար ինչպիսի հմտություններ են հարկավոր հաստատություններին կեղծարարության բացահայտման և դրա դեմ պայքարի համար: Ծրագրի նպատակն էր ընդլայնել բուհերի հետ երկխոսությունը որակավորումների կեղծարարությունների և դրանց հայտնաբերման վերաբերյալ: Մասնավորապես, հարցման արդյունքում մշակվելու էր բուհերի կարիքներին համապատասխան վերապատրաստման դասընթաց:
2023թ. հոկտեմբերի 31-ին ծրագրի շրջանակներում կայացավ բուհերի ղեկավար կազմի համար նախատեսված միջազգային համաժողովը, որի նպատակն էր ներկայացնել կրթական կեղծարարության դեմ արդյունավետ պայքարի, բացահայտման հայկական և այլ երկրների փորձը: Համաժողովին մասնակցում էին նաև Ֆրանսիայի, Իտալիայի, Շվեդիայի Միացյալ Թագավորության, Վրաստանի ազգային տեղեկատվական կենտրոնների փորձագետները ինչպես նաև TAICEP միջազգային գնահատման մասնագետների ասոցիացիայի նախագահը, որոնք ներկայացնում էին կեղծարարության դեմ պայքարում իրենց երկրների փորձը:
Համաժողովին հաջորդեց դասընթացը, որը նախատեսված էր բուհերի միջազգային բաժինների և ընդունելության հարցերով զբաղվող անձնակազմի համար: Դասընթացի նպատակն էր մասնակիցներին զինել կրթական կեղծարարության և դրա կանխարգելման, հայտնաբերման և դրա դեմ պայքարի համար անհրաժեշտ մեթոդաբանության վերաբերյալ գիտելիքներով` նպաստելով իրազեկման միջոցառումների կազմակերպմանը, կեղծարարության կանխարգելմանը, վաղ հայտնաբերմանը, իրավական և էթիկական հարցերի վերհանմանը: Վերապատրաստումը համատեղ անցկացրեցին CIMEA-NARIC/իտալական և ArmENIC/հայկական ազգային տեղեկատվական կենտրոնների փորձագետները` ներկայացնելով բազմաթիվ օրինակներ: Վերպատրաստմանը մասնակցում էին 50 ներկայացուցիչներ ՀՀ բուհերից, որոնց շնորհվեց սերտիֆիկատներ դասընթացի ավարտին: