Լիսաբոնի կոնվենցիա

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն Կոնվենցիայի Կողմերը,

գիտակցելով  այն փաստը, որ կրթության իրավունքը մարդու իրավունքներից մեկն է, և որ բարձրագույն կրթությունը, որը կարևոր դեր է խաղում գիտելիքների ձեռքբերման ու զարգացման գործում, բացառիկ մշակութային և գիտական հարստություն է թե’ անհատների և թե’ հասարակության համար,

համարելով, որ բարձրագույն կրթությունը պետք է էական դեր խաղա խաղաղության, փոխըմբռնման ու հանդուրժողականության խթանման գործում և նպաստի ժողովուրդների ու պետությունների միջև փոխադարձ վստահության հաստատմանը,

համարելով, որ եվրոպական տարածաշրջանում գոյություն ունեցող կրթական համակարգերի մեծ բազմազանությունը արտացոլում է նրա մշակութային, սոցիալական, քաղաքական, փիլիսոփայական, կրոնական և տնտեսական բազմազանությունը և հանդիսանում է բացառիկ հարստություն, որը պետք է լիարժեքորեն հարգվի,

ցանկանալով տարածաշրջանի բոլոր մարդկանց հնարավորություն ընձեռել լիարժեքորեն օգտվելու այս հարուստ բազմազանությունից՝ դյուրացնելով յուրաքանչյուր պետության բնակչի և յուրաքանչյուր Կողմի ուսումնական հաստատությունների ուսանողների մուտքը դեպի մյուս Կողմերի կրթական ռեսուրսները և հատկապես թույլ տալով նրանց շարունակել իրենց կրթությունը կամ ավարտել ուսման ժամանակաշրջանը մյուս Կողմերի բարձրագույն ուսումնական հաստատություններում,

համարելով,  որ եվրոպական տարածաշրջանի որևէ երկրում ստացած ուսման, ուսման վկայականների, վկայագրերի և գիտական աստիճանների ճանաչումը կարևոր միջոց է Կողմերի միջև ակադեմիական շարժունակությունը խթանելու համար,

մեծ կարևորություն տալով  ուսումնական հաստատությունների ինքնավարության սկզբունքին և գիտակցելով այդ սկզբունքը հաստատելու և պաշտպանելու անհրաժեշտությունը,

համոզված լինելով, որ որակավորման անաչառ ճանաչումը կրթության իրավունքի և հասարակության պատասխանատվության կարևորագույն տարրերից է,

հաշվի առնելով  Եվրոպայի խորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիաները, որոնք վերաբերում են ակադեմիական ճանաչմանը Եվրոպայում’

— Համալսարաններ ընդունվելու հնարավորություն ընձեռող վկայագրերի համարժեքության մասին Եվրոպական կոնվենցիան (1953, ETS հմ. 15) և դրա լրացուցիչ Արձանագրությունը (1964, ETS հմ. 49),

— Համալսարանական ուսուցման ժամանակաշրջանների համարժեքության մասին Եվրոպական կոնվենցիան (1956, ETS հմ. 21),

— Համալսարանական որակավորումների ակադեմիական ճանաչման մասին Եվրոպական կոնվենցիան (1959, ETS հմ. 32),

— Եվրոպական տարածաշրջանին պատկանող պետություններում բարձրագույն կրթության ուսուցման, վկայագրերի և գիտական աստիճանների ճանաչման մասին Կոնվենցիան (1979),

— Համալսարանական ուսուցման ժամանակաշրջանների ընդհանուր համարժեքության մասին Եվրոպական կոնվենցիան (1990, ETS հմ.138),

հաշվի առնելով նաև Միջերկրականին սահմանակից արաբական և եվրոպական պետությունների բարձրագույն կրթության ուսուցման, վկայագրերի և գիտական աստիճանների ճանաչման մասին միջազգային Կոնվենցիան (1976), որն ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում և մասնակիորեն ընդգրկում է Եվրոպայում ակադեմիական ճանաչումը,

գիտակցելով , որ սույն Կոնվենցիան պետք է նաև քննարկվի աշխարհի այլ տարածաշրջաններն ընդգրկող ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիաների և միջազգային հանձնարարական-առաջարկության համատեքստում, և որ անհրաժեշտ է բարելավել այս տարածաշրջանների միջև տեղեկատվության փոխանակումը,

գիտակցելով  եվրոպական տարածաշրջանում բարձրագույն կրթության մեջ այդ կոնվենցիաների ընդունումից հետո տեղի ունեցած խորքային զարգացումները, որոնք որպես հետևանք զգալի տարբերություն են առաջացրել թե’ բարձրագույն կրթության ազգային համակարգերի միջև և թե’ դրանց ներսում, ինչպես նաև այս զարգացումներն արտացոլելու նպատակով պրակտիկան և իրավական փաստաթղթերը հարմարեցնելու անհրաժեշտությունը,

գիտակցելով  եվրոպական տարածաշրջանում ճանաչման գործնական հիմնախնդիրների համար ընդհանուր լուծումներ գտնելու անհրաժեշտությունը,

գիտակցելով  ներկայիս ճանաչման պրակտիկայի բարելավման, դա ավելի թափանցիկ դարձնելու և եվրոպական տարածաշրջանում բարձրագույն կրթության ներկա վիճակին հարմարեցնելու անհրաժեշտությունը,

վստահ լինելով  Եվրոպայի խորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միացյալ հովանու ներքո մշակված և ընդունված Կոնվենցիայի դրական նշանակության մեջ, որը եվրոպական տարածաշրջանում ճանաչման գործելակերպի զարգացման համար շրջանակ է ստեղծում,

գիտակցելով սույն Կոնվենցիայի սկզբունքների և դրույթների կիրառման նպատակով իրականացման մշտական մեխանիզմներ նախատեսելու կարևորությունը,

համաձայնեցին հետևյալի մասին.

Բ ա ժ ի ն  I

Սահմանումներ

Հոդված I

Սույն Կոնվենցիայի նպատակների համար ստորև բերված տերմիններն ունեն հետևյալ նշանակությունները.

հնարավորություն (բարձրագույն կրթություն ստանալու) համապատասխան որակավորում ունեցող թեկնածուների’ բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար դիմելու և քննվելու իրավունք.

ընդունելություն (բարձրագույն կրթության հաստատություն և ծրագրերով)   — գործողություն կամ համակարգ, որը համապատասխան որակավորում ունեցող թեկնածուներին թույլ է տալիս շարունակելու ուսումը բարձրագույն ուսումնական որևէ հաստատությունում և/կամ որևէ ծրագրով.

գնահատում (հաստատությունների կամ ծրագրերի)   — բարձրագույն ուսումնական հաստատության կամ ծրագրերի կրթական որակը որոշող գործընթաց.

գնահատում (անհատական որակավորումների)  — իրավասու մարմնի գրավոր եզրակացություն անհատի՝ արտասահմանում ձեռք բերած որակավորումների վերաբերյալ.

ճանաչման հարցերով իրավասու մարմին — մարմին, որը պաշտոնապես իրավասու է պարտադիր բնույթի որոշումներ ընդունելու արտասահմանում ձեռք բերած որակավորումների ճանաչման վերաբերյալ.

բարձրագույն կրթություն — հետմիջնակարգ մակարդակի բոլոր տեսակի ուսումնական դասընթացներ կամ ուսումնական դասընթացների շարք, մասնագետների կամ հետազոտողների պատրաստում, որոնք Կողմի իրավասու մարմինների կողմից ճանաչվում են որպես իր բարձրագույն կրթական համակարգին պատկանող.

բարձրագույն ուսումնական հաստատություն — հաստատություն, որը տալիս է բարձրագույն կրթություն և Կողմի իրավասու մարմնի կողմից ճանաչվում է որպես իր բարձրագույն կրթական համակարգին պատկանող հաստատություն.

բարձրագույն կրթության ծրագիր — ուսումնական դասընթաց, որը Կողմի իրավասու մարմնի կողմից ճանաչվում է որպես իր բարձրագույն կրթական համակարգին պատկանող, և որը ավարտելով՝ ուսանողը ստանում է բարձրագույն կրթության որակավորում.

ուսման ժամանակաշրջան  — բարձրագույն կրթության ծրագրի ցանկացած բաղադրատարր, որը գնահատվել ու փաստաթղթավորվել է, և որը թեև ինքնին ուսումնական ամբողջական ծրագիր չէ, բայց գիտելիքների կամ հմտությունների զգալի ձեռքբերում է.

Որակավորում

 — Բարձրագույն կրթության որակավորում  — իրավասու մարմնի շնորհած ցանկացած գիտական աստիճան, վկայագիր կամ այլ վկայական, որը հավաստում է բարձրագույն կրթության ծրագիրը հաջողությամբ ավարտելու մասին.

Բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն ընձեռող որակավորում  — իրավասու մարմնի շնորհած ցանկացած վկայագիր կամ այլ վկայական, որը հավաստում է կրթական ծրագիրը հաջողությամբ ավարտելու մասին և որակավորում ստացած անձին իրավունք է ընձեռում քննվել՝ բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար (տե’ս «հնարավորություն»-ը ).

Ճանաչում — իրավասու մարմնի կողմից արտասահմանում ստացած կրթական որակավորման արժեքի/նշանակության պաշտոնական հաստատում՝ հետագա ուսումնական և/կամ աշխատանքային գործունեության հնարավորություն ունենալու նպատակով.

պահանջվող պայմաններ —

ընդհանուր պահանջներ — պայմաններ, որոնք պետք է կատարվեն բոլոր դեպքերում՝ բարձրագույն կրթություն կամ դրա որոշակի մակարդակ մուտք ունենալու համար կամ որոշակի մակարդակի բարձրագույն կրթության որակավորում ստանալու համար.

մասնավոր պահանջներ — պայմաններ, որոնք պետք է կատարվեն ի լրումն ընդհանուր պայմանների’ բարձրագույն կրթության առանձնահատուկ ծրագրում ընդունելության կամ ուսուցման որոշակի ոլորտում բարձրագույն կրթության հատուկ որակավորում ստանալու նպատակով:

Բ ա ժ ի ն  I I

Իշխանության մարմինների իրավասությունը

Հոդված II. 1

Եթե ճանաչման հարցերով որոշումներ ընդունելու համար իրավասու են Կողմի կենտրոնական մարմինները, ապա այդ Կողմն անմիջապես պարտավորված է սույն Կոնվենցիայի դրույթներով և անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում իր տարածքում այդ դրույթների իրագործումն ապահովելու համար:

Եթե ճանաչման հարցերով որոշումներ ընդունելու իրավասությունը պատկանում է Կողմի վարչատարածքային միավորներին, ապա այդ Կողմը պետք է ստորագրելիս կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ տալիս կամ դրանից հետո՝ ցանկացած ժամանակ, ավանդապահներից որևէ մեկին ներկայացնի իր սահմանադրական կարգավիճակի կամ կառուցվածքի համառոտ հաշվետվությունը: Նման դեպքերում համապատասխան Կողմերի վարչատարածքային միավորների իրավասու մարմիններն անհրաժեշտ միջոցներ պետք է ձեռնարկեն իրենց տարածքներում սույն Կոնվենցիայի դրույթների իրագործումն ապահովելու համար:

Եթե ճանաչման հարցերով որոշումներ ընդունելու իրավասությունը պատկանում է առանձին բարձրագույն ուսումնական հաստատությունների կամ այլ մարմինների, ապա յուրաքանչյուր Կողմ, համաձայն իր սահմանադրական կարգավիճակի կամ կառուցվածքի, պետք է սույն Կոնվենցիայի տեքստը փոխանցի այդ հաստատություններին կամ մարմիններին և պետք է ձեռնարկի հնարավոր բոլոր քայլերը’ նրանց կողմից սույն Կոնվենցիայի դրույթների նպաստավոր քննարկումը և կիրառումը խրախուսելու համար:

Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթները պետք է կիրառվեն, mutatis mutandis, սույն Կոնվենցիայի հետագա հոդվածների համաձայն Կողմերի ստանձնած պարտավորությունների նկատմամբ:

Հոդված II. 2

Ստորագրելիս կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ տալիս կամ դրանից հետո՝ ցանկացած ժամանակ, յուրաքանչյուր պետություն, Վատիկանը կամ Եվրահամայնքը կտեղեկացնեն սույն Կոնվենցիայի ավանդապահներից մեկին այն մարմինների մասին, որոնք իրավասու են ճանաչման հարցերով տարբեր տեսակի որոշումներ կայացնելու:

Հոդված II. 3

Սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չի կարող համարվել որպես փոփոխող Կողմերից որևէ մեկում տրված որակավորումների ճանաչման վերաբերյալ որևէ նպաստավոր դրույթ, որը պարունակվում է կամ բխում որևէ գործող կամ ապագա պայմանագրից, որի անդամ է կամ կարող է դառնալ սույն Կոնվենցիայի որևէ Կողմ:

Բաժին III

Որակավորումների գնահատմանը վերաբերող հիմնական սկզբունքներ

Հոդված III. 1

Կողմերից որևէ մեկում տրված որակավորումներ ունեցողները պետք է, դիմելով համապատասխան մարմնին, ունենան այդ որակավորումների գնահատման համապատասխան իրավունք:

Այս առումով ոչ մի խտրականություն չպետք է դրսևորվի’ կապված դիմողի սեռի, ռասայի, մաշկի գույնի, հաշմանդամության, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ կարծիքի, ազգային, էթնիկական կամ սոցիալական ծագման, ազգային փոքրամասնության պատկանելության, սեփականության, ծննդի կամ այլ կարգավիճակի հետ կամ ցանկացած այլ’ որակավորման, որի ճանաչումը հայցվում է, արժեքի հետ առնչություն չունեցող հանգամանքների հետ: Այս իրավունքն ապահովելու համար յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է ձեռնարկել համապատասխան միջոցներ, որպեսզի որակավորումների ճանաչման համար դիմումը գնահատվի միմիայն ձեռք բերված գիտելիքների և հմտությունների հիման վրա:

Հոդված III. 2

Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ որակավորումների գնահատման և ճանաչման ընթացակարգերն ու չափանիշները լինեն թափանցիկ, համաձայնեցված և հուսալի:

Հոդված III. 3

Ճանաչման վերաբերյալ որոշումներն ընդունվում են այն որակավորումների մասին համապատասխան տեղեկությունների հիման վրա, որոնց ճանաչումը հայցվում է:

Համապատասխան տեղեկություն տրամադրելու պատասխանատվությունն առաջին հերթին ընկնում է դիմողի վրա, որը պետք է բարեխղճորեն տրամադրի այդ տեղեկությունը:

Չնայած դիմողի պատասխանատվությանը’ խնդրո առարկա որակավորումներ տված հաստատությունները, դիմողի խնդրանքով և ողջամիտ սահմաններում, պետք է համապատասխան տեղեկություն տրամադրեն որակավորում ունեցողին, այն հաստատությանը կամ այն երկրի իրավասու մարմիններին, որտեղ ճանաչումը հայցվում է:

Կողմերը պետք է կարգադրեն կամ, անհրաժեշտության դեպքում, խրախուսեն իրենց կրթական համակարգերին պատկանող բոլոր ուսումնական հաստատություններին’ բավարարել տեղեկություն տրամադրելու համար ներկայացված ցանկացած պատշաճ խնդրանք՝ այդ հաստատություններում ձեռք բերված որակավորումները գնահատելու նպատակով:

Դիմումի’ համապատասխան պահանջվող պայմանները չբավարարելը ցույց տալու պատասխանատվությունն ընկած է գնահատումը իրականացնող մարմնի վրա:

Հոդված III. 4

Որակավորման ճանաչումը դյուրացնելու նպատակով յուրաքանչյուր Կողմ ապահովում է իր կրթական համակարգին վերաբերող համապատասխան և հստակ տեղեկության տրամադրումը:

Հոդված III. 5

Ճանաչման վերաբերյալ որոշումները ընդունվում են ճանաչման հարցերով իրավասու մարմինների կողմից նախօրոք հստակեցված ժամկետում, որը հաշվարկվում է դիմումի քննարկման համար անհրաժեշտ բոլոր տեղեկությունների տրամադրման պահից: Եթե ճանաչումը մերժվում է, ապա պետք է նշվեն մերժման պատճառները, և պետք է տեղեկություն տրվի այն մասին, թե ինչ հնարավոր միջոցներ կարող է ձեռնարկել դիմողը՝ հետագայում ճանաչումը ձեռք բերելու նպատակով: Եթե ճանաչումը մերժվում է, կամ եթե ոչ մի որոշում չի ընդունվում, դիմողը կարող է բողոքարկել խելամիտ ժամկետներում:

Բ ա ժ ի ն  I V

Բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն ընձեռող որակավորումների ճանաչում

Հոդված IV. 1

Յուրաքանչյուր Կողմ իր բարձրագույն կրթական համակարգին պատկանող ծրագրերով ընդունվելու նպատակով ճանաչում է մյուս Կողմի տված որակավորումները, որոնք բավարարում են այդ Կողմերում բարձրագույն կրթության ընդունելության ընդհանուր պահանջները, եթե այն Կողմի, որտեղ որակավորումը ձեռք է բերվել, և այն Կողմի, որտեղ որակավորումը պետք է ճանաչվի, ընդհանուր պահանջների միջև էական տարբերություն չկա:

Հոդված IV. 2

Որպես այլընտրանք՝ բավարար է, որ մի Կողմը մյուս Կողմերից որևէ մեկում տրված որակավորում ունեցողին, նրա իսկ խնդրանքով, հնարավորություն տա ձեռք բերելու այդ որակավորման գնահատականը, և IV.1 հոդվածի դրույթները, mutatis mutandis, կկիրառվեն այս դեպքի համար:

Հոդված IV. 3

Եթե որակավորումը հնարավորություն է տալիս ընդունվելու միայն բարձրագույն կրթության որոշակի տիպի հաստատություններ կամ հատուկ ծրագրերով՝ այն Կողմում, որտեղ որակավորումը ձեռք է բերվել, ապա յուրաքանչյուր այլ Կողմ այդպիսի որակավորումներ ունեցող անձանց հնարավորություն է տալիս մասնակցելու իր բարձրագույն կրթական համակարգին պատկանող հաստատությունների նմանատիպ հատուկ ծրագրերին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այն Կողմի, որտեղ ձեռք է բերվել որակավորումը, և այն Կողմի, որտեղ որակավորումը պետք է ճանաչվի, ընդունելության պահանջների միջև էական տարբերություն կա:

Հոդված IV. 4

Եթե որոշակի բարձրագույն կրթական ծրագրերին մասնակցելը, ի լրումն ընդունելության ընդհանուր պահանջների, կախված է առանձնահատուկ պահանջների կատարումից, ապա շահագրգիռ Կողմի իրավասու մարմինները կարող են հավասարապես լրացուցիչ պահանջներ ներկայացնել այլ Կողմերում ձեռք բերած որակավորում ունեցողներին կամ գնահատել, թե արդյո՞ք այլ Կողմերում որակավորում ստացած դիմորդները կատարում են համարժեք պահանջները:

Հոդված IV. 5

Եթե այն Կողմում, որտեղ դրանք ձեռք են բերվել, միջնակարգ դպրոցի ավարտական վկայականները բարձրագույն կրթության հնարավորություն են տալիս միայն լրացուցիչ որակավորման քննությունների համակցությամբ՝ որպես ընդունելության նախնական պայման, ապա մյուս Կողմերը կարող են ընդունելությունը պայմանավորել նույն պահանջներով կամ առաջարկել այլընտրանք՝ բավարարելու այդպիսի լրացուցիչ պահանջներն իրենց կրթական համակարգի սահմաններում: Ցանկացած պետություն, Վատիկանը կամ Եվրահամայնքը կարող են ստորագրելիս կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ տալիս կամ դրանից հետո՝ ցանկացած ժամանակ, ծանուցել ավանդապահներից որևէ մեկին, որ իրենք օգտվում են սույն հոդվածի դրույթներից, մատնանշելով այն Կողմերին, որոնց նկատմամբ իրենք մտադիր են կիրառել սույն հոդվածը, ինչպես նաև դրա պատճառները:

Հոդված IV. 6

Առանց ազդելու IV.1-ին, IV.2-րդ, IV.3-րդ, IV.4-րդ և IV.5-րդ հոդվածների դրույթների վրա’ տվյալ բարձրագույն ուսումնական հաստատություն կամ հաստատության տվյալ ծրագրով ընդունելությունը կարող է լինել սահմանափակ կամ ընտրությամբ: Այն դեպքերում, երբ բարձրագույն ուսումնական հաստատություն և/կամ հաստատության ծրագրով ընդունելությունն ընտրությամբ է կատարվում, ընդունելության ընթացակարգը երաշխավորվում է, որ արտասահմանյան որակավորումների գնահատականը կիրականացվի III բաժնում նկարագրված արդարության և ոչ խտրականության սկզբունքների հիման վրա:

Հոդված IV. 7

Առանց ազդելու IV.1-ին, IV.2-րդ, IV.3-րդ, IV.4-րդ և IV.5-րդ հոդվածների դրույթների վրա’ տվյալ բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունելությունը կարող է պայմանավորված լինել դիմորդի կողմից տվյալ հաստատության ուսումնական ծրագրի լեզվի կամ լեզուների կամ այլ նշված լեզուների բավարար տիրապետման ապացույցով:

Հոդված IV. 8

Այն Կողմերում, որտեղ բարձրագույն ուսումնական հաստատություն կարելի է ընդունվել ոչ ավանդական որակավորումների հիման վրա, ապա այլ Կողմերում ձեռք բերված նմանատիպ որակավորումները պետք է գնահատվեն նույն ձևով, ինչպես ոչ ավանդական որակավորումները, որոնք ձեռք են բերվել այն Կողմում, որտեղ հայցվում է ճանաչումը:

Հոդված IV. 9

Բարձրագույն կրթական ծրագրերով ընդունելության նպատակով յուրաքանչյուր Կողմ կարող է ճանաչել իր տարածքում գործող օտարերկրյա ուսումնական հաստատությունների կողմից տրված որակավորումները ազգային օրենսդրության հատուկ պահանջների կամ այդպիսի հաստատությունների ծագման Կողմի հետ կնքված հատուկ համաձայնագրերի հիման վրա:

Բ ա ժ ի ն  V 

Ուսման ժամանակաշրջանների ճանաչում

Հոդված V. 1

Յուրաքանչյուր Կողմը ճանաչում է մյուս Կողմի բարձրագույն ուսումնական ծրագրի շրջանակներում իրականացված ուսման ժամանակաշրջանները: Այս ճանաչումը ընդգրկում է ուսման այնպիսի ժամանակաշրջանները, որոնք վերաբերում են բարձրագույն ուսումնական ծրագրի ավարտելուն այն Կողմում, որտեղ հայցվում է ճանաչումը, եթե մյուս Կողմում իրականացված ուսման ժամանակաշրջանների և այդ Կողմում իրականացվող (որտեղ հայցվում է ճանաչումը) բարձրագույն կրթության ծրագրի այդ մասի միջև էական տարբերություն չկա:

Հոդված V. 2
Որպես այլընտրանք՝ բավարար է, որ մի Կողմը հնարավորություն տա մյուս Կողմում բարձրագույն ուսումնական ծրագրի շրջանակներում ուսման ինչ-որ ժամանակաշրջան ավարտած որևէ անձի, նրա իսկ խնդրանքով, ձեռք բերել այդ ուսման ժամանակաշրջանի գնահատականը, և V.1-ին հոդվածի դրույթները, mutatis mutandis, կկիրառվեն այս դեպքի համար:

Հոդված V. 3

Մասնավորապես, յուրաքանչյուր Կողմ դյուրացնում է ուսման ժամանակաշրջանների ճանաչումը, երբ’

առկա է նախնական համաձայնություն մի կողմից’ բարձրագույն ուսումնական հաստատության կամ ուսման տվյալ ժամանակաշրջանի համար պատասխանատու իրավասու մարմնի և, մյուս կողմից, բարձրագույն ուսումնական հաստատության կամ հայցվող ճանաչման համար պատասխանատու՝ ճանաչման հարցերով իրավասու մարմնի միջև, և

բարձրագույն ուսումնական հաստատությունը, որտեղ ավարտվել է ուսման տվյալ ժամանակաշրջանը, տվել է վկայական կամ ստուգարքների և քննությունների արդյունքների քաղվածք, որը հաստատում է, որ ուսանողը հաջողությամբ իրականացրել է ուսման նշված ժամանակաշրջանի անհրաժեշտ պահանջները:

Բ ա ժ ի ն  V I 

Բարձրագույն կրթության որակավորումների ճանաչում

Հոդված VI. 1

Այնքանով, որքանով ճանաչման մասին որոշումը հիմնված է բարձրագույն կրթության որակավորմամբ հավաստվող գիտելիքների և հմտությունների վրա, յուրաքանչյուր Կողմ ճանաչում է մյուս Կողմում շնորհված բարձրագույն կրթության որակավորումները, եթե այն որակավորման, որի համար հայցվում է ճանաչումը, և այն Կողմի, որտեղ հայցվում է ճանաչումը, համապատասխան որակավորման միջև էական տարբերություն չկա:

Հոդված VI. 2

Որպես այլընտրանք՝ բավարար է, որ մի Կողմը հնարավորություն տա մյուս Կողմերից որևէ մեկում տրված բարձրագույն կրթության որակավորում ունեցողին, նրա իսկ խնդրանքով, ձեռք բերել այդ որակավորման գնահատականը, և հոդված VI.1-ի դրույթները, mutatis mutandis, կկիրառվեն այս դեպքի համար:

Հոդված VI. 3

Մի Կողմում ձեռք բերված բարձրագույն կրթության որակավորման’ մյուս Կողմի կողմից ճանաչումը կունենա հետևյալ հետևանքներից մեկը կամ երկուսն էլ.

հետագա բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն, ներառյալ համապատասխան քննությունները և/կամ դոկտորական աստիճան ստանալու համար նախապատրաստումը նույն պայմաններով, որոնք կիրառվում են այն Կողմի որակավորում ունեցողների համար, որտեղ հայցվում է ճանաչումը,

ակադեմիական կոչման օգտագործում՝ այն Կողմի օրենսդրության համաձայն կամ իրավազորության ներքո, որտեղ հայցվում է ճանաչումը:

Ի լրումն. ճանաչումը կարող է դյուրացնել աշխատանքի շուկայից օգտվելու հնարավորությունը՝ այն Կողմի օրենսդրության համաձայն կամ իրավազորության ներքո, որտեղ հայցվում է ճանաչումը:

Հոդված VI. 4

Մի Կողմում տրված բարձրագույն կրթության որակավորման գնահատումը մյուս Կողմում կարող է ստանալ հետևյալ ձևը.

խորհուրդ զբաղվածության ընդհանուր նպատակների համար,

խորհուրդ ուսումնական հաստատությանը’ նրա ծրագրերի մեջ ընդգրկման համար,

խորհուրդ ճանաչման հարցերով այլ իրավասու մարմնին:

Հոդված VI. 5

Յուրաքանչյուր Կողմ կարող է ճանաչել իր տարածքում գործող օտարերկրյա ուսումնական հաստատությունների կողմից տրված բարձրագույն կրթության որակավորումները’ ազգային օրենսդրության հատուկ պահանջների կամ այդպիսի հաստատությունների ծագման Կողմի հետ կնքված հատուկ համաձայնագրերի համաձայն:

Բ ա ժ ի ն  V I I 

Փախստականներիտեղահանված անձանց ԵՎ փախստականների վիճակում գտնվող անձանցորակավորումների ճանաչումը

Հոդված VII

Յուրաքանչյուր Կողմ, իր կրթական համակարգի շրջանակներում և իր սահմանադրական, իրավական, կանոնակարգային դրույթների համաձայն, պետք է ձեռնարկի բոլոր հնարավոր և ողջամիտ քայլերն ընթացակարգեր մշակելու համար, որոնք ուղղված կլինեն արդար և արագ գնահատելու, թե արդյո՞ք փախստականները, տեղահանված անձինք և փախստականի վիճակում գտնվող անձինք կատարում են բարձրագույն կրթություն ստանալու, հետագա բարձրագույն կրթական ծրագրերով ուսումը շարունակելու կամ զբաղվածության համար համապատասխան պահանջները. անգամ այն դեպքում, եթե Կողմերից մեկում ձեռք բերված որակավորումը չի կարող ապացուցվել փաստաթղթի միջոցով:

Բ ա ժ ի ն  V I I I 

Տեղեկություն բարձրագույն ուսումնական հաստատությունների ԵՎ ծրագրերի գնահատմանմասին

Հոդված VIII. 1

Յուրաքանչյուր Կողմ տրամադրում է համապատասխան տեղեկություն իր բարձրագույն կրթական համակարգին պատկանող ցանկացած հաստատության և այդ հաստատությունների կողմից իրականացվող ցանկացած ծրագրի մասին, որպեսզի հնարավորություն տրվի այլ Կողմերի իրավասու մարմիններին պարզել, թե արդյո՞ք այդ հաստատությունների կողմից տրված որակավորումների որակը արդարացնում է ճանաչումը այն Կողմում, որտեղ այն հայցվում է: Այդպիսի տեղեկությունը կընդունի հետևյալ ձևը.

այն դեպքում, երբ Կողմերը ստեղծել են բարձրագույն ուսումնական հաստատությունների և ծրագրերի պաշտոնական գնահատման համակարգ. տեղեկություն գնահատման մեթոդների և արդյունքների, ինչպես նաև բարձրագույն կրթության որակավորումներ շնորհող բարձրագույն ուսումնական հաստատությունների և այդպիսի որակավորումներ ստանալուն հանգեցնող ծրագրերի ամեն մի տեսակին բնորոշ որակի չափանիշների վերաբերյալ.

այն դեպքում, երբ Կողմերը չեն ստեղծել բարձրագույն ուսումնական հաստատությունների և ծրագրերի պաշտոնական գնահատման համակարգ. տեղեկություն իրենց բարձրագույն կրթական համակարգերին պատկանող բարձրագույն ուսումնական հաստատությունում կամ որևէ բարձրագույն կրթական ծրագրի շրջանակներում ձեռք բերված տարբեր որակավորումների ճանաչման վերաբերյալ:

Հոդված VIII. 2

Յուրաքանչյուր Կողմ համապատասխան միջոցներ է ձեռնարկում հետևյալի զարգացման, պահպանման և տարածման համար.

իր բարձրագույն կրթական համակարգին պատկանող բարձրագույն ուսումնական հաստատությունների տարբեր տեսակների կարճ նկարագրությունը’ յուրաքանչյուր տեսակի բնութագրերով,

իր բարձրագույն կրթական համակարգին պատկանող ճանաչված հաստատությունների (պետական և մասնավոր) ցուցակը’ նշելով տարբեր տեսակի որակավորումներ տալու նրանց իրավասությունները և յուրաքանչյուր տեսակի հաստատություն ու ծրագրով ընդունվելու պահանջվող պայմանները,

բարձրագույն կրթական ծրագրերի նկարագրություն,

իր տարածքից դուրս տեղակայված այն ուսումնական հաստատությունների ցուցակը, որոնք Կողմը համարում է իր կրթական համակարգին պատկանող հաստատություններ:

Բ ա ժ ի ն  I X 

Տեղեկություն ճանաչման հարցերի վերաբերյալ

Հոդված IX. 1

Բարձրագույն կրթությանը վերաբերող որակավորման ճանաչումը դյուրացնելու նպատակով Կողմերը պարտավորվում են ստեղծել ձեռք բերված որակավորումների ամբողջական նկարագրության համար թափանցիկ համակարգեր:

Հոդված IX. 2

Ընդունելով ճշգրիտ, համապատասխան և արդի տեղեկության անհրաժեշտությունը’ յուրաքանչյուր Կողմ ստեղծում է կամ պահպանում է ազգային լրատվական կենտրոն և ծանուցում է ավանդապահներից որևէ մեկին դրա ստեղծման կամ դրա փոփոխությունների մասին:

Յուրաքանչյուր Կողմի ազգային լրատվական կենտրոնը.

դյուրացնում է իր գտնվելու պետության բարձրագույն կրթական համակարգի և որակավորումների մասին ճշգրիտ և վստահելի տեղեկությունների մատչելիությունը,

դյուրացնում է այլ Կողմերի բարձրագույն կրթական համակարգերի և որակավորումների մասին տեղեկությունների մատչելիությունը,

խորհուրդ կամ տեղեկություններ է տալիս ազգային օրենսդրության համաձայն որակավորումների ճանաչման և գնահատման հարցերով:

Յուրաքանչյուր ազգային լրատվական կենտրոն պետք է իր տրամադրության տակ ունենա անհրաժեշտ միջոցներ, որոնք հնարավորություն կտան նրան իրականացնելու իր գործառույթները:

Հոդված IX. 3

Ազգային լրատվական կենտրոնների միջոցով կամ այլ կերպ Կողմերը խրախուսում են, որ Կողմերի բարձրագույն ուսումնական հաստատություններն օգտագործեն ՅՈՒՆԵՍԿՕ/Եվրոպայի խորհրդի վկայագրի միջուկը կամ որևէ այլ նման փաստաթուղթ:

Բ ա ժ ի ն  X

Իրականացման մեխանիզմները

Հոդված X. 1

Հետևյալ մարմինները վերահսկում, խթանում և դյուրացնում են Կոնվենցիայի իրականացումը.

վերաբերող որակավորումների ճանաչման մասին Կոնվենցիայի կոմիտեն,

ակադեմիական ճանաչման և շարժունակության հարցերով Ազգային լրատվական կենտրոնների եվրոպական ցանցը (ԵԱԼԿ ցանց)’ հիմնված Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 1994թ. հունիսի 9-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 1994թ. հունիսի 18-ի որոշումներով:

Հոդված X. 2

Սույնով հիմնադրվում է Եվրոպական տարածաշրջանում բարձրագույն կրթությանը վերաբերող որակավորումների ճանաչման մասին Կոնվենցիայի կոմիտե (այսուհետ՝ Կոմիտե): Այն կազմված է յուրաքանչյուր Կողմի մեկական ներկայացուցչից:

X.2-րդ հոդվածի նպատակներից ելնելով’ «Կողմ» տերմինը չի կիրառվում Եվրահամայնքի նկատմամբ:

XI.1-ին հոդվածի 1-ին կետում հիշատակված պետությունները և Վատիկանը, եթե նրանք սույն Կոնվենցիայի Կողմ չեն հանդիսանում, Եվրահամայնքը և ԵԱԼԿ ցանցի նախագահը կարող են մասնակցել Կոմիտեի ժողովներին’ որպես դիտորդներ: Տարածաշրջանում ճանաչման հարցերով մասնագիտացած պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները նույնպես կարող են հրավիրվել՝ մասնակցելու Կոմիտեի ժողովներին’ որպես դիտորդներ:

Եվրոպական տարածաշրջանին պատկանող պետությունների բարձրագույն կրթության ուսուցման, վկայագրերի և գիտական աստիճանների ճանաչման մասին Կոնվենցիայի կիրառման՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Տարածաշրջանային կոմիտեի նախագահը նույնպես կհրավիրվի՝ մասնակցելու Կոմիտեի ժողովներին’ որպես դիտորդ:

Կոմիտեն օժանդակում է սույն Կոնվենցիայի կիրառմանը և վերահսկում դրա կատարումը: Այս նպատակով նա կարող է Կողմերի մեծամասնությամբ ընդունել հանձնարարական-առաջարկություններ, հռչակագրեր, արձանագրություններ, օրինակելի գործելակերպի մոդելներ’ Կողմերի իրավասու մարմիններին’ նրանց կողմից սույն Կոնվենցիան իրականացվելիս և բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման մասին դիմումները քննարկվելիս ուղղություն տալու համար: Թեև պարտավորված չեն այդ փաստաթղթերով, Կողմերը պետք է ամեն ինչ ձեռնարկեն’ դրանք կիրառելու, իրավասու մարմինների ուշադրությունը դրանց վրա հրավիրելու և դրանց կիրառումը խրախուսելու նպատակով: Կոմիտեն նախքան որոշում ընդունելը պետք է ստանա ԵԱԼԿ ցանցի կարծիքը:

Կոմիտեն զեկույց է ներկայացնում Եվրոպայի խորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան մարմիններին:

Կոմիտեն կապեր է պահպանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո ընդունված՝ Բարձրագույն կրթության ոլորտում ուսուցման, վկայագրերի և գիտական աստիճանների ճանաչման կոնվենցիաների կիրառման՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանային կոմիտեների հետ:

Կողմերի մեծամասնությունը կազմում է քվորում:

Կոմիտեն ընդունում է իր ընթացակարգային կանոնները: Կոմիտեն հերթական նիստեր է հրավիրում նվազագույնը երեք տարին մեկ անգամ: Կոմիտեի առաջին նիստը պետք է տեղի ունենա սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:

Կոմիտեի քարտուղարությունը համատեղ վստահվում է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենին:

Հոդված X. 3

Յուրաքանչյուր Կողմ IX.2 հոդվածի համաձայն ստեղծված կամ պահպանված Ազգային լրատվական կենտրոնին նշանակում է որպես ակադեմիական ճանաչման և շարժունակության հարցերով Ազգային լրատվական կենտրոնների եվրոպական ցանցի անդամ: Այն դեպքում, երբ մեկից ավելի Ազգային լրատվական կենտրոններ են ստեղծվել կամ պահպանվել Կողմերից որևէ մեկում՝ IX.2 հոդվածին համաձայն, դրանք բոլորը Ցանցի անդամներ են, սակայն շահագրգիռ Ազգային լրատվական կենտրոնները կունենան միայն մեկ ձայնի իրավունք:

Իր կազմով սահմանափակվելով սույն Կոնվենցիայի Կողմերի Ազգային լրատվական կենտրոններով’ ԵԱԼԿ ցանցը պաշտպանում և աջակցում է իրավասու ազգային մարմինների կողմից սույն Կոնվենցիայի գործնական իրականացմանը: Ցանցի լիագումար նստաշրջան հրավիրվում է առնվազն տարին մեկ անգամ: Այն ընտրում է նախագահ և բյուրո՝ իր իրավասություններին համապատասխան:

ԵԱԼԿ ցանցի քարտուղարությունը վստահվում է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենին:

ԵԱԼԿ ցանցի միջոցով Կողմերը համագործակցում են մյուս Կողմերի Ազգային լրատվական կենտրոնների հետ’ հատկապես հնարավորություն տալով նրանց հավաքել Ազգային լրատվական կենտրոնների’ ակադեմիական ճանաչման և շարժունակության հետ կապված գործունեության համար օգտակար ողջ տեղեկությունը:

Բ ա ժ ի ն  X I 

Եզրափակիչ դրույթներ

Հոդված XI. 1

Սույն Կոնվենցիան բաց է ստորագրման համար’

Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից,

ՅՈՒՆԵՍԿՕ-ի եվրոպական տարածաշրջանի անդամ պետությունների կողմից,

որևէ այլ ստորագրողի, պայմանավորվող պետության կամ Եվրոպական մշակութային Կոնվենցիայի և/կամ Եվրոպական տարածաշրջանին պատկանող պետություններում բարձրագույն կրթության ուսուցման, վկայագրերի և գիտական աստիճանների ճանաչման՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կոնվենցիայի անդամ պետության կողմից,

որոնք հրավիրվել էին՝ մասնակցելու սույն Կոնվենցիայի ընդունման նպատակով Դիվանագիտական խորհրդաժողովին:

Այս Պետությունները և Վատիկանը կարող են արտահայտել Կոնվենցիայով պարտավորված լինելու իրենց համաձայնությունը’

ստորագրմամբ’ առանց վավերացմանը, ընդունմանը կամ հաստատմանը վերաբերող պայմանի,

ստորագրությամբ’ վավերացման, ընդունման կամ հաստատման պայմանով, որին հետևում են վավերացումը, հաստատումն ու ընդունումը, կամմիացմամբ:

Ստորագրումը կատարվում է ավանդապահներից որևէ մեկի մոտ: Վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերը ի պահ են տրվում ավանդապահներից որևէ մեկին:

Հոդված XI. 2

Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում հինգ պետության կողմից, որոնցից առնվազն երեքը Եվրոպայի խորհրդի և/կամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի եվրոպական տարածաշրջանի անդամ են, սույն Կոնվենցիայով պարտավորված լինելու իրենց համաձայնությունը արտահայտելու օրվանից սկսած՝ մեկամսյա ժամկետի լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը: Ցանկացած այլ պետության համար այն ուժի մեջ կմտնի սույն Կոնվենցիայով պարտավորված լինելու մասին համաձայնություն արտահայտելու օրվանից սկսած՝ մեկամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:

Հոդված XI. 3

Սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո ցանկացած պետություն, որը չի մտնում XI.1-ին հոդվածում նշված որևէ կատեգորիայի մեջ, կարող է դիմել՝ սույն Կոնվենցիային միանալու խնդրանքով: Այս նպատակով արված բոլոր խնդրանքները պետք է հասցեագրվեն ավանդապահներից որևէ մեկին, որն այն կփոխանցի Կողմերին Եվրոպական տարածաշրջանում բարձրագույն կրթության որակավորման ճանաչման Կոնվենցիայի Կոմիտեի ժողովից առնվազն երեք ամիս առաջ: Ավանդապահը պետք է նաև տեղեկացնի Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդին:

Սույն Կոնվենցիային միանալու մասին խնդրանքով դիմող պետության վերաբերյալ դրական որոշում կընդունվի ձայների 2/3 մեծամասնությամբ:

Սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո Եվրահամայնքը, հետևելով իր անդամ պետությունների խնդրանքին, կարող է միանալ դրան, որը պետք է հասցեագրվի ավանդապահներից որևէ մեկին: Այս դեպքում XI.3.2-րդ հոդվածը չի կիրառվի:

Միացող որևէ պետության կամ Եվրահամայնքի համար սույն Կոնվենցիան ուժի մեջ կմտնի միանալու մասին փաստաթուղթը ավանդապահներից որևէ մեկին ի պահ տալու օրվանից սկսած՝ մեկամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:

Հոդված XI. 4

Սույն Կոնվենցիայի անդամ հանդիսացող Կողմերը, որոնք միաժամանակ հանդիսանում են հետևյալ Կոնվենցիաներից մեկի կամ մի քանիսի Կողմեր՝

— Համալսարաններ ընդունվելու հնարավորություն ընձեռող վկայագրերի համարժեքության մասին Եվրոպական կոնվենցիան (1953, ETS հմ. 15) և դրա լրացուցիչ Արձանագրությունը (1964, ETS հմ. 49),

— Համալսարանական ուսուցման ժամանակաշրջանների համարժեքության մասին Եվրոպական կոնվենցիան (1956, ETS հմ. 21),

— Համալսարանական որակավորումների ակադեմիական ճանաչման մասին Եվրոպական կոնվենցիան (1959, ETS հմ. 32),

— Միջերկրականին հարող արաբական և եվրոպական պետություններում բարձրագույն կրթության ոլորտում ուսուցման, վկայագրերի և գիտական աստիճանների ճանաչման միջազգային Կոնվենցիան /1976/.

— Եվրոպական տարածաշրջանին պատկանող պետություններում բարձրագույն կրթության ուսուցման, վկայագրերի և գիտական աստիճանների ճանաչման մասին Կոնվենցիան (1979),

— Համալսարանական ուսուցման ժամանակաշրջանների ընդհանուր համարժեքության մասին Եվրոպական կոնվենցիան (1990, ETS հմ.138),

իրենց փոխադարձ հարաբերություններում կկիրառեն սույն Կոնվենցիայի դրույթները.

կշարունակեն կիրառել վերոնշյալ Կոնվենցիաները, որոնց Կողմեր են նրանք արդեն հանդիսանում, այդ Կոնվենցիաներին անդամ այլ պետությունների հետ հարաբերություններում, որոնք, սակայն, սույն Կոնվենցիայի անդամներ չեն:

Սույն Կոնվենցիայի Կողմերը պարտավորվում են ձեռնպահ մնալ 1-ին կետում նշված Կոնվենցիաներից որևէ մեկին Կողմ դառնալուց, որոնց իրենք դեռևս Կողմ չեն հանդիսանում, բացառությամբ Միջերկրականին հարող արաբական և եվրոպական պետություններում բարձրագույն կրթության ոլորտում ուսուցման, վկայագրերի և գիտական աստիճանների ճանաչման միջազգային Կոնվենցիայի:

Հոդված XI. 5

Յուրաքանչյուր պետություն կարող է ստորագրելիս կամ վավերագիրը, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթը ի պահ տալու ժամանակ որոշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ կիրառվում է սույն Կոնվենցիան:

Յուրաքանչյուր պետություն կարող է հետագայում ավանդապահներից որևէ մեկին հասցեագրված հայտարարությամբ սույն Կոնվենցիայի գործողությունը տարածել հայտարարության մեջ նշված որևէ այլ տարածքի նկատմամբ: Այդ տարածքի նկատմամբ Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այդպիսի հայտարարությունը ավանդապահի ստանալու օրվանից սկսած՝ մեկամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:

Նախորդ երկու կետերին համապատասխան արված յուրաքանչյուր հայտարարություն, որը վերաբերում է այդպիսի հայտարարությամբ արված ցանկացած տարածքի, կարող է հետ վերցվել ավանդապահներից որևէ մեկին հասցեագրված ծանուցման միջոցով: Հետ վերցնելն ուժի մեջ է մտնում այդպիսի ծանուցումը ավանդապահի ստանալու օրվանից սկսած՝ մեկամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:

Հոդված XI. 6

Յուրաքանչյուր Կողմ կարող է ցանկացած ժամանակ չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան ավանդապահներից որևէ մեկին հասցեագրված ծանուցման միջոցով:

Այդպիսի դադարեցումը ուժի մեջ է մտնում ծանուցումը ավանդապահներից որևէ մեկի ստանալու օրվանից տասներկու ամիսը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը: Այնուամենայնիվ, Կոնվենցիայի նման դադարեցումը չպետք է վնասի սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն նախօրոք ընդունած՝ ճանաչման վերաբերյալ որոշումներին:

Սույն Կոնվենցիայի գործողության դադարեցումը կամ կասեցումը, որպես որևէ Կողմի կողմից այն դրույթի խախտման հետևանք, որը կարևոր է սույն Կոնվենցիայի խնդիրների և նպատակների իրականացման համար, պետք է կատարվի միջազգային օրենսդրության համաձայն:

Հոդված XI. 7

Յուրաքանչյուր պետություն, Վատիկանը կամ Եվրահամայնքը կարող են ստորագրելիս կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ տալու ժամանակ հայտարարել, որ իրենց իրավունք են վերապահում մասամբ կամ ամբողջությամբ չկիրառել սույն Կոնվենցիայի հետևյալ հոդվածներից մեկը կամ մի քանիսը.

հոդված IV. 8

հոդված V. 3

հոդված VI. 3

հոդված VIII. 2

հոդված IX. 3

Այլ վերապահումներ չեն թույլատրվում:

Նախորդ կետի համաձայն վերապահում կատարած յուրաքանչյուր Կողմ կարող է մասամբ կամ ամբողջովին հետ վերցնել այն ավանդապահներից որևէ մեկին հասցեագրված ծանուցման միջոցով: Հետ վերցնելն ուժի մեջ է մտնում նման ծանուցումը ավանդապահի ստանալու օրվանից:

Սույն Կոնվենցիայի որևէ դրույթի նկատմամբ վերապահում կատարած Կողմը չի կարող պահանջել այդ դրույթի կիրառումը որևէ այլ Կողմի կողմից: Այնուամենայնիվ, եթե իր վերապահումը մասնակի է կամ պայմանական, նա կարող է պահանջել տվյալ դրույթի կիրառումը այնքանով, որքանով ինքն է ընդունել այն:

Հոդված XI. 8

Սույն Կոնվենցիայի փոփոխությունների նախագծերը կարող են ընդունվել Եվրոպական տարածաշրջանում բարձրագույն կրթության ոլորտում որակավորումների ճանաչման Կոնվենցիայի Կոմիտեի կողմից՝ Կողմերի երկու երրորդի մեծամասնությամբ: Նման ձևով ընդունված ցանկացած փոփոխության նախագիծ պետք է ձևակերպվի սույն Կոնվենցիայի Արձանագրության տեսքով: Արձանագրությունը կնշի դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ կարգը, որը, ցանկացած դեպքում, կպահանջի սույն Կոնվենցիայով պարտավորված լինելու Կողմերի համաձայնության արտահայտությունը:

Վերոնշյալ 1-ին կետով նախատեսված ընթացակարգի համաձայն’ Կոնվենցիայի երրորդ բաժնում փոփոխություններ կատարել չի թույլատրվում:

Փոփոխության յուրաքանչյուր առաջարկ պետք է ուղարկվի ավանդապահներից որևէ մեկին, որն այն կփոխանցի Կողմերին Կոմիտեի ժողովից առնվազն երեք ամիս առաջ: Ավանդապահը պետք է տեղեկացնի նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդին:

Հոդված XI. 9

Սույն Կոնվենցիայի ավանդապահներն են Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարն ու Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենը:

Այն ավանդապահը, որին ի պահ են տրվել ակտը, ծանուցումը կամ հաղորդագրությունը, պետք է սույն Կոնվենցիայի Կողմերին, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի և/կամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի եվրոպական տարածաշրջանի այլ անդամ պետություններին ծանուցի’

յուրաքանչյուր ստորագրության մասին,

յուրաքանչյուր վավերագիր, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթ ի պահ տալու մասին,

XI.2-րդ և XI.3.4-րդ հոդվածների դրույթների համաձայն սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ցանկացած օրվա մասին,

XI.7-րդ հոդվածի դրույթների համաձայն կատարված ցանկացած վերապահման և XI.7-րդ հոդվածի դրույթների համաձայն կատարված ցանկացած վերապահում հետ վերցնելու մասին,

XI.6-րդ հոդվածի համաձայն սույն Կոնվենցիան չեղյալ հայտարարելու մասին,

II.1-ին կամ II.2-րդ հոդվածների դրույթների համաձայն կատարված ցանկացած հայտարարության մասին,

IV.5-րդ հոդվածի դրույթների համաձայն կատարված ցանկացած հայտարարության մասին,

XI.3-րդ հոդվածի դրույթների համաձայն կատարված՝ միանալու ցանկացած խնդրանքի մասին,

XI.8-րդ հոդվածի դրույթների համաձայն կատարված ցանկացած առաջարկի մասին,

սույն Կոնվենցիային վերաբերող ցանկացած այլ ակտի, ծանուցման կամ հաղորդագրության մասին:

Սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն հաղորդագրություն ստացած կամ ծանուցում ուղարկած ավանդապահը այդ մասին անմիջապես տեղեկացնում է մյուս ավանդապահին:

Ի հավաստումն որի’ ներքոստորագրյալ ներկայացուցիչները, պատշաճորեն լիազորված լինելով, ստորագրեցին սույն Կոնվենցիան:

Կատարված է Լիսաբոնում 1997թ. ապրիլի 11-ին, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն, ընդ որում՝ չորս տեքստերն էլ հավասարազոր են, երկու օրինակով, որոնցից մեկը ի պահ է տրվելու Եվրոպայի խորհրդի արխիվներին, իսկ մյուսը՝ Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության արխիվներին: Հաստատված օրինակը պետք է ուղարկվի XI.1-ին հոդվածում նշված բոլոր պետություններին, Վատիկանին և Եվրահամայնքին, Միավորված ազգերի կազմակերպության քարտուղարությանը:

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *