2025 թվականի նոյեմբերի 5-ինՅՈւՆԵՍԿՕ-ն համախմբեց աշխարհի տարբեր երկրների փորձագետների՝ առցանց հանդիպում-քննարկման համար, որի նպատակն էր ամրապնդել կապը Բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման գլոբալ կոնվենցիայի և տարբեր տարածաշրջանային ճանաչման կոնվենցիաների միջև։ Քննարկումը Բաց աշխատանքային խմբի (OEWG) շարունակական աշխատանքների մի մասն էր, որը մշակում է նոր ուղեկից տեքստ՝ սահմանելու համար, թե ինչպես այս կոնվենցիաները պետք է համատեղ գործեն։
Հանդիպման վերջնական նպատակն է հեշտացնել տարածաշրջանների միջև որակավորումների փոխըմբռնումը և ճանաչումը` նպաստելով բարձրագույն կրթության ոլորտում միջազգային համագործակցության և ակադեմիական շարժունության ընդլայնմանը։
Քննարկման սկզբում կարճ ներկայացվեց, թե ինչու է անհրաժեշտ նման ուղեցույց, որին հաջորդեց տարածաշրջանային կոնվենցիաների բյուրոների ներկայացուցիչների միջև կարծիքների փոխանակում։ Մասնակիցները ներկայացրեցին խնդիրները, որոնց բախվում են երկրները՝ և՛ գլոբալ, և՛ տարածաշրջանային գործիքների վավերացման կամ կիրարկման ժամանակ, ինչպես նաև առաջարկներ եղան, թե ինչպես կարելի է մշակել նոր տեքստը՝ ավելի լավ աջակցելու երկրների կարիքներին։ Հայաստանը ևս ընդգրկված է աշխատանքային խմբում։
Հանդիպման ընթացքում աշխատանքային խմբի անդամները պաշտոնապես ընդունեցին իրենց Լիազորությունների շրջանակը (ToR), որտեղ սահմանվում են խմբի մանդատը, կազմը և ուղեկից տեքստի մշակման բազմափուլ գործընթացը, որից հետո կայացավ աշխատանքային խմբի քննարկումը:
Այս քննարկումը բազմափուլ գործընթացի միայն մեկ քայլն է։ Աշխատանքները նախատեսված են ավարտել 2027 թվականին, երբ տեքստը կներկայացվի մասնակից կողմերի Միջկառավարական խորհրդաժողովի քննարկմանն ու հնարավոր ընդունմանը։ Իսկ այժմ հավաքված դիտարկումները կօգնեն ՅՈւՆԵՍԿՕ-ին պատրաստելու Զրոյական նախագիծը, որը կքննարկվի աշխատանքային խմբի առաջիկա նիստում։




