Խորհրդատվության և տեղեկատվության տրամադրում
ԱՓՇԱՏԿ-ի կողմից իր շահառուներին ազգային կրթական համակարգերի, որակավորումների բազմազանության և որակավորումների ճանաչման վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը կարևոր գործառույթ է, որի նպատակն է ակադեմիական և մասնագիտական որակավորումների թափանցիկության, համապատասխանության և վստահության ապահովումն այլ երկրներում:
Կենտրոնի շահառուների լայն շրջանակը ներառում է ուսումնական հաստատությունները, պետական մարմինները և գործակալությունները, գործատուները, ուսանողները, շրջանավարտները և սովորողները, մասնագիտական ասոցիացիաները, որակավորումների գնահատման գործակալությունները:
Խորհրդատվությունը սովորաբար տրամադրվում է.
- օտարերկրյա հաստատությունների և ծրագրերի հավատարմագրման վերաբերյալ, ազգային կրթական համակարգերի, որակավորումների ազգային շրջանակաների, որակավորումների տարածաշրջանային շրջանակների և դրանց համադրելիության վերաբերյալ (օրինակ՝ EQF):
- օտարերկրյա որակավորման համադրելիության վերաբերյալ համանման ազգային որակավորման հետ, ակադեմիական և մասնագիտական իրավունքների, ճանաչման ընթացակարգերի, շարժունության և կրեդիտների ճանաչման, ինչպես նաև ոչ ֆորմալ կամ ինֆորմալ ուսուցման գնահատման վերաբերյալ:
- օրենսդրական դաշտի և ոլորտի քաղաքականության վերաբերյալ՝ օգնելու ազգային և միջազգային իրավական ակտերի մեկնաբանմանը և դրանց կիրարկմանը: Կենտրոնը կարող է հանդես գալ որպես միջնորդ կամ մասնագիտական կարծիք տալ որակավորումների և դրանց ճանաչման վերաբերյալ վեճերի դեպքում՝ հետագա կրթության կամ աշխատանքի նպատակով։
- խթանելու որակավորումների ճանաչման լավագույն փորձը, ուսումնական հաստատությունների, գործատուների և ուսանողների համար վերապատրաստումների, սեմինարների կազմակերպման միջոցով, որոնք առնչվում են ճանաչմանը, կրթության կեղծարարությանը, որակավորումների թվայնացմանը և այլ արդիական խնդիրներին:
Որակավորումների վերաբերյալ վստահելի և համապատասխան տեղեկատվության տրամադրումը չափազանց կարևոր է դրանց ճանաչման համար: Առանց համապարփակ, ճշգրիտ և թափանցիկ տեղեկատվության ցանկացած նպատակով որակավորումների ճանաչման ողջ գործընթացն անհնար կամ սխալ կլիներ: ԼՃԿ-ն պարտավորեցնում է Կողմերին, որ բարձրագույն ուսումնական հաստատությունները հանրությանը հասանելի դարձնեն իրենց կրթական ծրագրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը: Ուսումնական հաստատությունների և ծրագրերի բազմազանությունը ճանաչման մարմիններին ստիպում է հրաժարվել կոշտ, ավանդական մոտեցումներից և օգտագործել ավելի ճկուն և վերջնարդյունքների հենքով մոտեցումներ՝ հիմնված տեղեկատվության փոխանակման, միջազգային համագործակցության և ձեռք բերված իրական կրթությունը գնահատելու պատրաստակամության վրա, այլ ոչ ֆորմալ գործելակերպ:
ԱՓՇԱՏԿ-ը հանդես է գալիս որպես որակավորումների ճանաչման վերաբերյալ տեղեկատվության տրամադրման հեղինակավոր կենտրոն և ապահովում, որպեսզի ազգային և օտարերկրյա որակավորումները հասկանալի լինեն, գնահատվեն և ճանաչվեն արդար և արդյունավետ ձևով՝ աջակցելով ակադեմիական և մասնագիտական շարժունությանը և պահպանելով կրթական չափանիշների ամբողջականությունը:




