2024թ. Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնը (ԱՓՇԱՏԿ) երկրորդ անգամ մասնակցեց Եվրոպայի խորհրդի ոչ ԵՄ անդամ երկրների ազգային տեղեկատվական կենտրոնների համար նախատեսված դրամաշնորհային ծրագրին, և կենտրոնի ներկայացրած «Ազգային մեխանիզմների բարելավումը փախստականների որակավորումների ճանաչման համար/NATREQ-RQ» ծրագիրը ընտրվեց ֆինանսավորման համար: Ծրագրի նպատակն էր նպաստել բուհերում փախստականների որակավորումների ճանաչման գործընթացի խթանմանը՝ հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա: Ծրագիրը համակարգում էր Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնը, ծրագրում ներառված էին ներկայացուցիչներ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, Երևանի պետական համալսարանից, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ:
2024թ. հոկտեմբերի 31-ին կայացավ «Ազգային մեխանիզմների բարելավումը փախստականների որակավորումների ճանաչման համար/NATREQ-RQ» ծրագրի ամփոփիչ համաժողովը, որի նպատակն էր ներկայացնել ծրագրի շրջանակներում ՀՀ բուհերի համար մշակված որակավորումների ճանաչման վերաբերյալ ձեռնարկը՝ հատուկ ուշադրություն դարձնելով փախստականների որակավորումների ճանաչմանը:
Համաժողովին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և ՀՀ բուհերի ներկայացուցիչները: Հանդիպման առաջին մասում ներկայացվեցին ՀՀ-ում փախստականների ընդհանուր իրավիճակը, նրանց որակավորումների ճանաչման հետ կապված խնդիրները, նախատեսվող աշխատանքները և ծրագրի շրջանակներում մշակված ձեռնարկը:
Համաժողովին հաջորդեց դասընթացը, որը նախատեսված էր ՀՀ բուհերի միջազգային բաժինների և ընդունելության հարցերով զբաղվող անձնակազմի համար: Դասընթացի նպատակն էր մասնակիցներին ներկայացնել փախստականների որակավորումների ճանաչման մեթոդաբանությունը` նպաստելով բուհերում փախստականների որակավորումների ճանաչման ընթացակարգերի մշակմանը: Վերապատրաստումը անցկացրեց ծրագրում ներառված Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետը: