2024թ.-ի մայիսի 21-ին Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնը (ԱՓՇԱՏԿ) ՀՀ բուհերի համար կազմակերպել էր սեմինար` «Դասընթացների առցանց կատալոգներ և տվյալների բազաներ` թափանցիկության և ճանաչման համար» թեմայով` Էրազմուս+ OCTRA 2 ծրագրի շրջանակներում: Սեմինարի նպատակն էր խթանել ազգային տեղեկատվական կենտրոնների և բուհերի երկխոսությունը` նպաստելով որակավումների ճանաչման գործընթացի թափանցիկությանը: Սեմինարի կարևոր շեշտադրումներից էին միկրո-որակավորումները և դրանց մասին հավաստի տեղեկատվության տրամադրումը կատալոգներում:
Բացման խոսքում ԱՓՇԱՏԿ-ի տնօրեն Գայանե Հարությունյանը նշեց, որ արդի աշխարհում դասընթացների առցանց կատալոգներն ունեն առանցքային նշանակություն յուրաքանչյուր բուհի համար` հանդիսանալով ակադեմիական թափանցիկության և մատչելիության հիմնաքար և ծառայելով որպես ուղեցույց դիմորդների և ուսանողների, բուհերի ակադեմիական և վարչական անձնակազմի և այլ շահագրգիռ կողմերի համար: Կրթության զարգացման ժամանակակից միտումների և դրանց մոդելների վրա մեծ ազդեցություն ունեն տեխնոլոգիական զարգացումները, և կատալոգները չեն կարող ընկալվել զուտ որպես փաստաթղթեր: Դրանք հանդիսանում են գիտելիքի համապարփակ էլեկտրոնային շտեմարաններ, որոնց մեջ ամփոփված են բուհերի ակադեմիական առաջարկները, արժեքները և նպատակները: Ավելին, մրցակցային միջավայրում, երբ բուհերը ձգտում են գերազանցության, կատալոգները բացահայտում են յուրաքանչյուր բուհի կողմից առաջարկվող եզակի հնարավորությունները: Չի կարող անտեսվել դասընթացների կատալոգների անփոխարինելի դերը հավատարմագրման գործընթացում, քանի որ դրանք ծառայում են որպես ապացույց, որ բուհը հավատարիմ է իր առաքելությանը:
OCTRA 2 ծրագրի հիմնական նպատակները և գործառույթները ներկայացրեց Լատվիայի ազգային տեղեկատվական կենտրոնի տնօրեն տիկին Բայբա Ռամինան: Այնուհետև, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի ( ՈԱԱԿ) փորձագետ Անի Մկրտչյանի կողմից ներկայացվեց MICRO-GEAR Էրազմուս+ ծրագիրը, որի նպատակն է խթանել ՀՀ-ում միկրո-որակավորումների լայն տարածումը որպես բարձրագույն կրթության համապատասխանության, որակի և ճկունության բարելավման գործիք: Ծրագրի շրջանակներում ՀՀ-ում միկրո-որակավորումների իրավիճակի վերաբերյալ իրականացված ուսումնասիրությունը բազմաթիվ հարցեր առաջացրեց` հատկապես իրավական կարգավորումներին վերաբերվող, ինչպես նաև թե ինչպես կարող են բուհերը համագործակցել աշխատաշուկայի հետ միկրո-որակավորումնեի համատեքստում:
Սեմինարի ժամանակ Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը ներկայացրեց իրենց բուհի կողմից երկու տարի առաջ մեկնարկած մանկավարժական միկոր-որակավորումների շնորհման փորձը` անդրադառնալով դրանց նպատակին, մշակման մեթոդաբանությանը և առկա մարտահրավերներին:
Հայաստանի ամերիկյան համալսարանի Հաղորդակցման բաժնի տնօրեն Նարեկ Ղազարյանը ներկայացրեց իրենց բուհի դասընթացների առցանց կատալոգը` շետադրելով դրա առանցքային կարևորությունը, մշակման և պարբերական լրամշակման ինստիտուցիոնալ քաղաքականությունը: Նշվեց նաև, որ կատալոգում ներառված է տեղեկատվություն կրթական ծրագրերի և դրանց առանձին մոդուլների, ինչպես նաև այն դասընթացների մասին, որոնք առաջակվում են հանրությանը վճարովի հիմունքներով: Բուհի կատալգում ներառված է նաև տեղեկատվություն կրթական գործընթացի այլ հարցերի վերաբերյալ, որը հնարավորություն է տալիս ուսանողներին մեկ հարթակից գտնել իրենց հետքրքրող հարցերի պատասխանները:
Սեմիարի վերջում քննարկվեցին OCTRA 2 ծրագրի կողմից մշակաված երկու ուղեցույցները` դասընթացների առցանց կատալոգների և միկրո-որակավորումների վերաբերյալ: