ԱՓՇԱՏԿ-ը մասնակցում է ԵՄ Էրազմուս+ ի շրջանակում իրականացվող «BOOST» – Հայկական համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում եռամյա ծրագրին, որի նպատակն է ազգային և
ինստիտուցիոնալ քաղաքականության շրջանակի զարգացմամբ խթանել ՀՀ բուհերի միջազգայնացումը: Ծրագրին մասնակցում են հինգ եվրոպական բուհեր` Շվեդիայից, Իսպանիայից, Պորտուգալիայից, Էստոնիայից, ինչպես նաև հայաստանյան հինգ բուհեր, ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը և Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնը: Ծրագրի կոորդինատորը Հայաստանի պետական մանկավարժական համալսարանն է: Ծրագրի պաշտոնական հանդիպումները տեղի ունեցան սույն թվականի փետրվարի 20-ին և 21-ին, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում:
Անդրանիկ հանդիպմանը` փետրվարի 20-ին, ողջույնի խոսքեր ասեցին ՀՀ ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանը, Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Արա Երեմյանը և Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակիհամակարգող Լանա Կառլովան` նշելով ծրագրի կարևորությունը հայկական կրթական համակարգի համար, հավելելով նաև,որ եվրոպական առաջատար բուհերի մասնակցությունը կխթանի ծրագրի արդյունավետ իրականացմանը: Երկօրյա հանդիպման ընթացքում կոնսորցիումի 12 անդամները ներկայացրեցին իրենց հաստատությունները, քննարկեցին ծրագրի խնդիրները, ընթացիկ աշխատանքների դերը, որոնցից յուրաքանչյուրը կարևոր է վերջնարդյունքի հասնելու համար: Եռամյա ծրագրի ընթացքում նախատեսվում է իրականացնել հետևյալ դրույթները`
- մշակել ընդհանուր ռազմավարություն Հայաստանում միջազգայնացման փորձը զարգացնելու նպատակով \
- ստեղծել ազգային հարթակ և առցանց միջոցներ բարձրագույն կրթության միջազգայնացման գործընթացների քարտեզագրման համար
- զարգացնել բուհերի միջազգային բաժինների, ՀՀ ԿԳՆ-ի և գործընկերների կարողությունները կառավարման, մարքեթինգի և կրեդիտային շարժունության ներդրման ոլորտում
- ստեղծել հայկական բուհերում միջազգային բաժիններ և ծառայություն մատուցող կենտրոններ
Ծրագրի պաշտոնական էջ` http://boost.aspu.am/