Ս. թ. ապրիլի 21-ին առցանց ձևաչափով տեղի ունեցավ «Կրթության շահագրգիռ կողմերին զինել կոմպետենցիաներով կեղծարարությունների բացահայտման և դրանց դեմ պայքարելու համար/DETECT» Եվրոպայի խորհրդի դրամաշնորհային ծրագրի մեկնարկային հանդիպումը: Ծրագրում բացի ԱՓՇԱՏԿ-ի փորձագետներից ներգրավված է նաև Իտալիայի ազգային տեղեկատվական կենտրոնի (CIMEA) փորձագետը:
2023 թ. առաջին անգամ Եվրոպայի խորհուրդը մեկնարկել է դրամաշնորհային ծրագիր ուղղված ոչ ԵՄ անդամ երկրների ազգային տեղեկատվական կենտրոններին և ԱՓՇԱՏԿ-ը 5 շահած կենտրոններից մեկն է: Դրամաշնորհների նպատակն է նպաստել ազգային տեղեկատվական կենտրոնների առաքելությանը` կրթության ոլորտում համագործակցության ու շարժունության խթանման, ինչպես նաև բարձրագույն կրթության որակավորումների արդարացի և թափանցիկ ճանաչմանը:
Դեռևս 2021 թ.-ին ԱՓՇԱՏԿ-ի և Եվրոպայի Խորհրդի փորձագետների կողմից` Եվրոպայի Խորհրդի ֆինանսական աջակցությամբ իրականացրել էր «Հայաստանի Հանրապետությունում կրթական կեղծարարության իրավիճակը և բացահայտումը. ռիսկերը և պատասխան քայլերը ՔՈՎԻԴ-19 դարաշրջանում» խորագրով ուսումնասիրությունը, որը տպագրվել է 2022թ. նոյեմբերի 14-ին: Ուսումնասիրության նպատակն էր բացահայտել ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքով առաջացած անհրաժեշտությունը՝ վերանայելու կրթության ոլորտում թափանցիկության, հաշվետվողականության և հակակոռուպցիոն միջոցառումների համար կիրառվող ավանդական գործիքներն ու քաղաքականությունները։
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ կրթական կեղծարարությունը և կոռուպցիոն պրակտիկան ոչ միայն խոչընդոտում են կրթության բոլոր մակարդակների հասանելիությանը, այլև ազդում են կրթության որակի, հետազոտության արդյունքների վստահելիության վրա և մարտահրավեր են նետում որակավորումների ճանաչմանը:
Այսպիոսով, DETECT ծրագրի նպատակն է վերոնշյալ ուսումնասիրության արդյունքների և առաջարկությունների հիման վրա մշակել վերապատրաստման դասընթաց, որը կզինի կրթության ոլորտի շահակիցներին կրթական կեղծարարության հայտնաբերման և դրա դեմ պայքարի համար անհրաժեշտ կարողականություններով: Դասընթացը կտա կրթական կեղծարարության և դրա կանխարգելման, հայտնաբերման և դրա դեմ պայքարի համար անհրաժեշտ մեթոդաբանության վերաբերյալ համապարփակ գիտելիքներ: Այն նաև կնպաստի իրազեկման միջոցառումների կազմակերպանը, կեղծարարության կանխարգելմանը, վաղ հայտնաբերմանը, իրավական և էթիկական հարցերի վեր հանմանը: Վերապատրաստումը կնպաստի, որպեսզի կրթության շահակիցները պաշտպանեն իրենց ռեսուրսները, հեղինակությունը և վստահությունը: Մասնակիցներին տալով կրթական կեղծարարության հայտնաբերման և կանխարգելման համար անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ և գործիքներ՝ դասընթացը կնվազեցնի կրթական կեղծարարության ազդեցությունը և կխթանի բարեվարքության և հաշվետվողականության մշակույթը: