2017թ․-ի նոյեմբերի 20-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ Էրազմուս+ ԲՈՒՍԹ /Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում/ ծրագրի կոորդինացիոն հանդիպումը, իսկ նոյեմբերի 21-ին` «Միջազգայնացումը ազգային մակարդակում» թեմայով ազգային բաց համաժողով:
«ԲՈՒՍԹ»- Հայկական համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում ծրագրի նպատակն է ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության շրջանակի զարգացմամբ խթանել ՀՀ բուհերի միջազգայնացումը: Ծրագրի կոորդինատորը Հայաստանի պետական մանկավարժական համալսարանն է:
Հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ գործընկեր համալսարաններից` Հայաստանի պետական մանկավարժական, Հայաստանի Ամերիկյան, Շիրակի Մ.
Թումանյանի անվան պետական համալսարաններից, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից, ՀՀ ԿԳ նախարարությունից, Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնից,
ինչպես նաև ԵՄ գործընկեր համալսարաններից` Շվեդիայից, Իսպանիայից, Պորտուգալիայից և Էստոնիայից: Կոորդինացիոն հանդիպման ժամանակ ներկայացվեցին ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները, քննարկվեցին հետագա քայլերը և միջազգայնացման ազգային հարթակի ստեղծման անհրաժեշտությունը: Ստեղծվեցին երեք աշխատանքային խմբեր, որոնք զբաղվելու են միջազգայնացման ազգային ռազմավարության նախագիծի, կրթական ծրագրերի ազգային մոդելի և միջազգայնացման չափանիշների համեմատական ցուցանիշների մշակմամբ: «Միջազգայնացումը ազգային մակարդակում» թեմայով ազգային բաց համաժողովին բացի ծրագրի գործընկերներից մասնակցում էին նաև ներկայացուցիչներ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններից: Համաժողովին բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանը, Հայաստանի Ամերիկյան համալսարանի փոխնախագահ Ռանդոլ Ռոդեսը, ՀՊՄՀ-ի աշխատակազմի և միջազգայնացման գծով պրոռեկտոր Արա Երեմյանը, ինչպես նաև Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան: ԵՄ գործընկեր համալսարանների ներկայացուցիչները ներկայացրեցին միջազգայնացման ռազմավարությունը իրենց երկրներում: Այնուհետև, համաժողովի մասնակիցները բաժանվեցին խմբերի և պատասխանատու մասնակցի օգնությամբ համաշխարհային կաֆե մեթոդով /World Cafe Method/ քննարկեցին միջազգայնացման ռազմավարությանը վերաբերող հարցեր` նշելով դրանցից յուրաքանչյուրի կարևորությունն ու առաջնահերթությունը: Քննարկման ավարտին խմբերի պատասխանատուները ներկայացրեցին քննարկման արդյունքները, որոնք հետագայում կնպաստեն միջազգայնացման ռազմավարության մշակմանը:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության Էրազմուս+ ծրագրի կողմից:
