2018 թվականի սեպտեմբերին սկսված «Բուհ ընդունելության և որակավորումների ճանաչման վերաբերյալ հայ-նորվեգական համագործակցություն» (NACAR) ծրագիրը մոտեցավ իր ավարտական փուլին: Ծրագրի հիմնական նպատակն էր խթանել հայկական և նորվեգական բուհերի միջև համագործակցությունը հատկապես ճանաչման հարցերում: NACAR-ի շրջանակներում ս.թ. ապրիլի 19-22-ը տեղի ունեցավ ևս մեկ այց Օսլո, Նորվեգիա` քննարկելու համագործակցության նոր հնարավորությունները, ինչպես նաև Երևանում մայիսին կազմակերպվող ավարտական համաժողովը:
ԱՓՇԱՏԿ-ի կողմից այցին մասնակցեցին չորս գնահատման մասնագետներ: Նորվեգական գործընկերները այցի օրակարգը նախապատրաստել էին հայկական գործընկերների ցանկություններին համապատասխան` նախատեսելով հանդիպումներ ինչպես Կրթության որակի ապահովման նորվեգական գործակալությունում (NOKUT), այնպես էլ Հարավարևելյան Նորվեգիայի համալսարանի համալսարանում (USN – University of South-Eastern Norway) համապատսխան բաժինների հետ: Ճանաչման համատեքստում մեծ հետաքրքրությամբ քննարկվեցին վերջերս ներդրված և գործարկված նորվեգական դիպլոմների թվային գրանցամատյանը և ճանաչման ներքին ռեգիստրը: Մասնակիցները նաև ծանոթացան օտարերկրյա որակավորումների ճանաչման ոլորտի ազգային զարգացումներին և հատկապես ավտոմատ ճանաչման մեխանիզմներին:
Հարավարևելյան Նորվեգիայի գործընկերները ներկայացրեցին իրենց հաստատությունները և կրթական ծրագրերը: Այնուհետև Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ներկայացուցիչները երկկողմ հանդիպումներ ունեցան՝ քննարկելու հետագա համագործակցության հնարավորությունները: