2017թ-ի հոկտեմբերի 2-ին ԱՓՇԱՏԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ փախստականների որակավորումների անձնագրերի մեթոդաբանության անդրանիկ փորձարկումը: Փորձարկումն իրականացվեց նախապես մշակված մեթոդաբանության հիման վրա և անցկացվեց հայկական (ԱՓՇԱՏԿ) ու նորվեգական (NOKUT) ENIC-NARIC կենտրոնների ներկայացուցիչների կողմից: Փորձարկմանը հիմնականում մասնակցեցին սիրիահայ փախստականներ, որոնց կրթության ճանաչման համար կամ փաստաթղթերը իսպառ բացակայում էին, կամ էլ առկա էին մասամբ: Փորձարկման ավարտին չորս սիրիահայերից երկուսին տրվեց Որակավորման անձնագիր, քանի որ մյուսներին չհաջողվեց ներկայացնել բավարար հաստատում ստացած որակավորման վերաբերյալ:
Փախստականների որակավորման անձնագիրը փաստաթուղթ է բարձրագույն կրթության գնահատման վերաբերյալ, որը տրվում է ներկայացված կրթական փաստաթղթերի ու համակարգված հարցազրույցի հիման վրա: Որակավորման անձնագիրը նախատեսված է այն անձանց (փախստականների) համար, ովքեր չեն կարող փաստաթղթերով լիովին վկայել իրենց ստացած կրթությունը և որակավորումը: Անձնագիրը տեղեկություն է տրամադրում անձի ստացած կրթության, աշխատանքային փորձի և լեզվական իմացության վերաբերյալ և միտված է խթանելու ինտեգրումը` մասնավորապես կրթությունը շարունակելու և աշխատանքի անցնելու համար: