Ձեռնարկներ

Ձեռնարկներ

ԱՓՇԱՏԿ-ը իր առաքելության և գործառույթների շրջանակներում պարբերաբար իրականացնում է հետազոտություններ, որոնց արդյունքները ներկայացվում են համապատասխան ձեռնարկներում: 

ՀՀ ԲՈՒՀԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ և ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՈՒՍՈՒՑՄԱՆ/ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

2015թ.-ին Երևանում տեղի ունեցած Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) նախարարական գագաթաժողովի ընթացում ընդունված Երևանի կոմյունիկեում ԵԲԿՏ նախարարները հաստատեցին, որ պետք է վերանայել ԵԲԿՏ անդամ երկրների ազգային օրենսդրությունները՝ պարզելու համար դրանց ամբողջական համապատասխանությունը Լիսաբոնի ճանաչման կոնվենցիային (ԼՃԿ): Ավելին, ԵԲԿՏ նախարարները համաձայնվեցին, որ այդ գործընթացը պետք է իրականացնի ԼՃԿ կոմիտեն Էնիկ-Նարիկ ցանցի անդամ տեղեկատվական կենտրոնների հետ համատեղ:

․․․

ԱՓՇԱՏԿ-ը, հանդիսանալով Էնիկ-Նարիկ ցանցի անդամ և մասնակցելով Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայի ներդրման մոնիթորինգի զեկույցի պատրաստմանը, իրականացրեց սույն հետազոտությունը, որի նապատակն է խթանել ՀՀ բուհերի կողմից իրականացվող օտարերկրյա որակավորումների և կարճաժամկետ ուսուցման/կրեդիտային շարժունության ճանաչման գործընթացը: Ավելին, հետազոտության անրդյունքների հիման վրա տպագրվել է ձեռնարկ, որտեղ ԱՓՇԱՏԿ-ը ներկայացրել է եզրակացություններ և առաջարկություններ՝ ՀՀ-ում ինստիտուցիոնալ ճանաչման գործընթացը բարելավելու և այն՝ ԼՃԿ-ին համահունչ դարձնելու համար:

Հետազոտության իրականացման նպատակով մշակվել է հարցաշար, որն էլեկտրոնային տարբերակով ուղարկվել է ՀՀ պետական, հավատարմագրված ոչ պետական և միջպետական համաձայնագրերի շրջանակներում ստեղծված 47 բարձրագույն ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ բուհեր): 19 բուհերից (13 պետական բուհեր և 6 հավատարմագրված ոչ պետական բուհեր) ստացվել են պատասխաններ: Ստացված պատասխանների վերլուծությունը ներկայացված է ձեռնարկի համապատասխան բաժիններում։

QUATREC-Որակավորումների համեմատում վստահելի ճանաչման համար

Erasmus+ NARIC-ի «Որակավորումների համեմատում վստահելի ճանաչման համար» (QUATREC) (2018թ․ հունվար–2020թ․ փետրվար) ծրագրի նպատակն է ճանաչման գործընթացի բարելավման համար խրախուսել ուսումնառության վերջնարդյունքների օգտագործումը որակավորումների գնահատման գործընթացում` առկա և նոր մշակվող որակավորումների շրջանակներին համապատասխան: Այս համեմատական ​​ուսումնասիրության հետագա նպատակներն են նպաստել լավագույն օրինակների և առաջարկությունների ներկայացմանը մեթոդաբանության մշակման համար, որը կօգնի ուսումնառության վերջնարդյունքները և որակավորումների շրջանակները օգտագործել որակավորումների ճանաչման գործընթացում՝ խթանելով ճանաչման ավելի դյուրին և պարզեցված ընթացակարգերի մշակումը, որոնք ապագայում կհանգեցնեն ավտոմատ ճանաչման:

․․․

QUATREC ծրագրի գործընկերներն են ENIC / NARIC գրասենյակները Լատվիայից (Ակադեմիական տեղեկատվական կենտրոն-ծրագրի համակարգող), Բուլղարիայից (Տեղեկատվության և փաստաթղթերի ազգային կենտրոն, NACID), Էստոնիայից (Արքիմեդես հիմնադրամ), Միացյալ Թագավորությունից (UK NARIC) և Հայաստանից (ԱՓՇԱՏԿ):

Երեք որակավորումներ և դրանց ուսումնառության վերջնարդյունքները ընտրվել են հորիզոնական համեմատության համար` ուսումնասիրելու, թե արդյոք նույն մակարդակի որակավորման ուսումնառության վերջնարդյուքները  չունեն էական տարբերություններ և որակավորումները համեմատելի են: Դրանք շնորհվել են ծրագրի գործընկեր երկրներում `Հայաստան, Բուլղարիա, Էստոնիա, Լատվիա և Միացյալ Թագավորություն:

Զեկույցը կարող է ծառայել որպես հղման աղբյուր ENIC / NARIC գրասենյակների, որակավորումների գնահատողների, բուհերի, ուսանողների և քաղաքականության մշակողների համար `ճանաչման գործընթացում ուսումնառության վերջնարդյունքների և ՈԱՇ-ների օգտագործան վերաբերյալ տեղեկացվածության բարձրացման համար: Այսպիսով, QUATREC ծրագիրը նպաստում է ճանաչման գործընթացում ուսումնառության վերջնարդյունքների և որակավորման շրջանակների ընդհանուր ընկալմանը, բարելավում է որակավորումների արդար ճանաչումը, ինչպես նաև բարձրացնում է տեղեկացվածությունը որակավորումների ճանաչման գործընթացում ուսումնառության վերջնարդյունքների և որակավորումների շրջանակների օգտագործման նախադրյալների վերաբերյալ:

Դիպլոմի հավելված Արդյո՞ք այն ծառայում է իր նպատակին

2019թ.-ին ԱՓՇԱՏԿ-ը նախաձեռնեց «Դիպլոմի հավելված․ Արդյո՞ք այն ծառայում է իր նպատակին» ձեռնարկի պատրաստումը և հրատարակումը:

Այս ուսումնասիրության իրականացման նպատակն է ներկայացնել, թե որքանով է ՀՀ պետական, հավատարմագրված ոչ պետական և միջպետական համաձայնագրերի շրջանակներում ստեղծված բարձրագույն ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ բուհեր) կողմից շնորհվող բարձրագույն մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթի (այսուհետ՝ դիպլոմ) հավելվածը ծառայում իր նպատակին: Ձեռնարկի նպատակն է բարձրացնել դիպլոմի հավելվածի նպատակի և կիրառման վերաբերյալ իրազեկվածությունը, ինչպես նաև նպաստել ԵԲԿՏ նախարարների կողմից 2018թ. Փարիզում հաստատված դիպլոմի հավելվածի վերամշակված տարբերակի ներդրմանը ՀՀ բուհերում:

...

Ուսումնասիրության ընթացքում իրականացվել են հետևյալ աշխատանքները՝

  • մշակվել է հարցաշար, որն անդրադառնում է բուհերի կողմից շնորհվող դիպլոմի հավելվածի ձևանմուշին, տրամադրման լեզուներին և կարգին: Այն էլեկտրոնային և թղթային տարբերակներով ուղարկվել է ՀՀ 45 բուհերի, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնին և Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոնին: Ստացված պատասխանները վերլուծվել և համեմատվել են ԵԲԿՏ այլ երկրների տվյալների հետ,
  • մշակվել է մեկ այլ հարցաշար՝ նախատեսված ՀՀ ուսանողների համար՝ պարզելու համար դիպլոմի հավելվածի նպատակի և կիրառման վերաբերյալ նրանց իրազեկվածությունը,
  • հարցազրույցներ են անցկացվել Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտ- րոնի (այսուհետ՝ ՈԱԱԿ) տնօրենի և Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահի հետ: Համեմատության համար ներկայացվել է նաև ԵԲԿՏ այլ երկրների գործատուների կողմից դիպլոմի հավելվածի օգտագործման պատկերը,
  • ուսումնասիրվել են վերջին տարիներին դիպլոմի հավելվածի վերաբերյալ կատարված եվրոպական մասնագետների աշխատանքները,
  • կատարված ուսումնասիրությունների արդյունքում մշակվել են առաջարկություններ դիպլոմի հավելվածի նպատակային օգտագործման համար:

Ձեռնարկը նախատեսված է ՀՀ պետական մարմինների, բուհերի, ուսանողների, շրջանավարտների, գործատուների և այլոց համար:

Ձեռնարկը և ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են ԱՓՇԱՏԿ-ի կողմից կազմակերպված միջոցառման ընթացքում, որին ներկա էին ԿԳՄՍ նախարարի տեղակալը, բուհերի ներկայացուցիչները, Հայաստանի գործատուների հանրապետական միության ներկայացուցիչը և ուսանողները:

Կեղծարարությունը միջազգային բարձրագույն կրթության մեջ

2017թ.-ին ԱՓՇԱՏԿ-ը նախաձեռնեց «Կեղծարարությունը միջազգային բարձրագույն կրթության մեջ» ձեռնարկի պատրաստումը և հրատարակումը: Ձեռնարկը ԱՓՇԱՏԿ-ի կողմից իրականացված հետազոտության արդյունքն է, որը կատարվել է օգտագործելով Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդի «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդումը և կոռուպցիայի դեմ պայքարը» ծրագրի շրջանակներում հատկացված դրամաշնորհի միջոցները: 

...

Ձեռնարկի նպատակն է բարձրացնել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների, գործատուների, դիմորդների և ուսանողների իրազեկվածությունը բարձրագույն կրթությունում առկա կեղծարարության տարբեր դրսևորումների վերաբերյալ, ինչպես նաև զարգացնել նրանց ունակությունը` դրանք բացահայտելու և դրանց դեմ պայքարելու համար:

Հետազոտության ընթացքում ուսւոմնասիրվել է կեղծարարությունը միջազգային, տրանսազգային և միջսահմանային բարձրագույն կրթության ոլորտում` վերհանելով կեղծարարության ամենատարածված տեսակները: Ներկայացվել են կեղծարարության հիմանական տեսակների սահմանումները և դրանց բացահայտման ուղիները:  Ձեռնարկում ներկառվել են կեղծարարության հայտնի դեպքերի ժամանակակաից օրինակներ: Ավելին` ոււսումնասիրվել է նաև Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում առկա վիճակը` կապված կեղծարարության զարգացող խնդրի հետ, մշակվել են առաջարկություններ և ուղեցույցներ` ուղղված կեղծարարության հայտնաբերմանը, ինչպես նաև այդ երևույթի դեմ պայքարելուն:

Ձեռնարկը և հետազոտության արդյունքները ներկայացվել են հետևյալ միջոցառումներին`

  • 2017թ.-ի հոկտեմբերի 9-ին Երևանում տեղի ունեցած միջազգային կոնֆերանսին
  • 2017թ.-ի սեպտեմբերիի 28-ին Մոսկվայում տեղի ունեցած միջազգայի միջոցառմանը նվիրված Կրթության գնահատման գլխավոր պետական կենտրոնին
  • 2018թ.-ի փետրվարի 15-16-ին Ստրասբուրգում տեղի ունեցած Եվրախորհրդի Էթինեդ պլատֆորմի երկրորդ լիագումար նիստին
  • 2018թ.-ի ապրիլի 18-20-ին Փարիզում տեղի ունեցած Գրոնինգենի հռչակագրի տարեկան հանդիպմանը

Փախստականների որակավորումների ճանաչման ձեռնարկ

Փախստականների որակավորումների ճանաչման ձեռնարկը մշակվել է Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի կողմից` ԵՄ համաֆինանսավորվող «Փախստականները և ճանաչումը. գործիքակազմ փախստականների և տեղահանված անձանց բարձրագույն կրթության ճանաչման համար» ծրագրի շրջանակներում:

...

Ծրագրի նպատակն է աջակցել ENIC-NARIC ցանցի անդամների, բուհերի և ճանաչման համար պատասխանատու այլ կառույցների գնահատման մասնագետներին` ճանաչելու փախստականների որակավորումները, նույնիսկ երբ նրանց կողմից ներկայացված փաստաթղթերը ամբողջական չեն կամ առհասարակ բացակայում են: Ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ հետևելով https://www.nokut.no/om-nokut/internasjonalt-samarbeid/erasmus-projekter/refugees-and-recognition/ հղումին: Ծրագրի գործընկեր կազմակերպություններն են Նորվեգիայի (NOKUT),Մեծ Բրիտանիայի (UK NARIC), Ֆրանսիայի (CIEP), Հոլանդիայի (NUFFIC), Իտալիայի (CIMEA) և Հայաստանի (ArmENIC) ENIC-NARIC կենտրոնները, համակարգող` NOKUT:

Ձեռնարկում ներկայացված փաստաթղթերը` Սիրիայի բարձրագույն կրթական համակարգի ամփոփ նկարագիրը և փախստականների որակավորումների անձնագրի տրամադրման համար նախատեսված փաստաթղթերի նմուշները, մշակվել, թարգմանվել և հարմարեցվել են` հիմք ընդունելով ծրագրի անդամ կազմակերպությունների կողմից ստեղծված համապատասխան փաստաթղթերը:

Տրանսազգային կրթություն. Իրավիճակը Հայաստանում

Տրանսազգային կրթությունը ժամանակավոր երևույթ չէ և ապագայում ավելի կզարգանա` պահպանելով իր նշանակությունը: Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի կողմից 2008թ իրականացված այս հետազոտությունն առաջին փորձն է ուսումնասիրելու տրանսազգային կրթությունը Հայաստանում: Ուսումնասիրությունը որոշ սահմանափակումներով է իրականացվել, և ստացված արդյունքները ցույց են տալիս, որ անհրաժեշտ է շարունակել այն` ընդգրկելով տրանսազգային կրթություն իրականացնող բոլոր հաստատությունները:

...

Ուսումնասիրությունը նախատեսված է կրթության ոլորտի մասնագետների, ուսանողների, դասախոսների, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են տրանսազգային կրթությամբ:

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *